ՀՀ-ում ընտրությունները, ՌԴ-ի ու Բաքվի հետ հարաբերություններն ու հետագա միտումները․ ռուսալեզու մամուլի ամփոփում

ՀՀ-ում իշխող կուսակցությունը կպահպանի խորհրդարանի վերահսկողությունը, սակայն, ըստ նախնական արդյունքների, նրա ազդեցությունը բավարար չէ սահմանադրական փոփոխությունների համար։ Դա Բաքվի հիմնական պահանջն է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հարևան Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումն ու ամրապնդումը՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հաղորդակցություններն ապաշրջափակելու միջոցով, Փաշինյանի ու նրա թիմի գլխավոր խոստումն էր այս ընտրություններում․ գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ ապահովել խորհրդարանական տեղերի երկու երրորդի մեծամասնություն ընտրություններում, ինչն, ըստ դիտորդների, տեսականորեն կարող է վտանգել Բաքվի հետ խաղաղության ճարտարապետությունը, որը ենթադրաբար հիմնված է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վրա։

DW-ի հետ զրույցում Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Շտեֆան Մայստերը նշել է, որ ընտրությունների օրն ընտրական գործընթացին միջամտելու հնարավորությունը նվազագույն էր։ Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ պառակտումը հասել է նոր մակարդակի, ինչը հանգեցրել է ընտրողների այդքան բարձր մասնակցության: Մի կողմից՝ մարդիկ հասկանում էին, թե ինչն էր վտանգված, մյուս կողմից՝ հասարակությունն այնքան պառակտված էր, որ մարդիկ գնացին ընտրատեղամասեր:

Փորձագետի  կարծիքով՝ Հայաստանը մոտ ապագայում ամբողջությամբ դուրս չի գա Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Բայց կնկատվի հայկական քաղաքականության և տնտեսության դիվերսիֆիկացում: Եվ Եվրոպան էական դեր կխաղա այս հարցում, եթե պատրաստ լինի երկարաժամկետ հեռանկարում բացել իր շուկան Հայաստանի համար: Այս դեպքում Հայաստանը կընթանա դեպի Եվրոպա: Բայց այն միշտ ստիպված կլինի համագործակցել տարածաշրջանի իր հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ՝ իր անվտանգությունն ու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար:

РБК-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը ներկայում հետաքրքրված չէ Ռուսաստանի կողմից ավելի խիստ թշնամանքով։

Փորձագետ Նիկոլայ Սիլաևը նշել է․ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հոգ է տանում ազգային տնտեսության վիճակի մասին, ապա նրանք պետք է կշռադատեն իրենց խոսքերն ու գործողությունները։ Ի վերջո, մենք չենք կարող ավելի շատ հոգ տանել Հայաստանի տնտեսության մասին, քան Նիկոլ Փաշինյանը»։

КоммерснтЪ-ը գրում է, որ Փաշինյանի կուսակցությունը պահպանեց իշխանությունը, բայց կորցրեց իր նախկին դիրքերը խորհրդարանում, ինչը լրջորեն սահմանափակում է նրա լիազորությունները։ Վարչապետն ինքը չի թաքցնում, որ չի ցանկանում հաշվի առնել իր հակառակորդների դիրքորոշումները, առավել ևս՝ բանակցել նրանց հետ փոխզիջման շուրջ։

Известия-ն գրում է, որ ընտրություններից հետո հետաքրքիր է նաև, թե ինչպես է կառավարությունը լուծելու իր տարաձայնությունները Ռուսաստանի հետ։ Չնայած ակնհայտորեն սրվող ճգնաժամին՝  Նիկոլ Փաշինյանը և նրա կաբինետի անդամները պնդում էին, որ Մոսկվան ու Երևանը հեշտությամբ կլուծեն բոլոր դժվարությունները ընտրություններից հետո։

Կրեմլը չի ​​շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Կայքի հետ զրույցում ֆրանսիացի եվրապատգամավոր Թիերի Մարիանին նշել է, որ Եվրամիությունը միջամտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին՝ եվրոպամետ կուրսին օգնության և աջակցության քողի տակ։ Նա նշել է, որ Բրյուսելը ֆինանսավորում և ինտեգրման հեռանկարներ է խոստանում նրանց, ովքեր աջակցում են իր օրակարգին, սակայն այս քաղաքականության հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է։

Свободная Пресса-ն, մեջբերելով փորձագետ Ալեքսեյ Մուրավյովի խոսքերը, գրում է, որ Հայաստանում ընտրողների որոշակի զանգված վախեցած է եղել, ինչը չի կարելի անտեսել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերլուծելիս։

«Շատ հզոր քարոզարշավ է անցկացվել, որին մասնակցել են հասարակայնության հետ կապերի մասնագետներ, այդ թվում՝ արևմտյան… Հետևաբար, ընտրողների մեծ մասը պարզապես վախեցած էր», – նշել է Մուրավյովը։

Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարող է փոխել իր հակառուսական հռետորաբանությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *