Էներգետիկ ընկերությունների ղեկավարները նախազգուշացրել են ԱՄՆ Սպիտակ տանը, որ նավթի հիմնական պաշարները, որոնք օգտագործվում են Իրանի հետ հակամարտության ֆոնին գների աճը զսպելու համար, արագորեն նվազում են և արդեն առաջիկա շաբաթներին կարող են հասնել կրիտիկական ցածր մակարդակի, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Ներքին քննարկումներին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ այս մտահոգությունները հասցվել են նախարարների կաբինետի ներկայացուցիչների և Սպիտակ տան աշխատակիցների ուշադրությանը։ Խոսքը նավթի առևտրային պաշարների մասին է, որոնք, ըստ կանխատեսումների, մի քանի շաբաթվա ընթացքում կարող են մոտենալ խիստ նվազագույնին։
Առանձնահատուկ նշվում է, որ ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարը նույնպես արագորեն սպառվում է, և արդեն հաջորդ ամիս վարչակազմը կարող է ստիպված լինել դանդաղեցնել դրա օգտագործման տեմպերը։
«Ռազմավարական նավթային պաշարը կհայտնվի վտանգավոր ցածր մակարդակի վրա։ Դրա հետևանքը կլինեն ավելի բարձր գները»,- հայտարարել է զրուցակիցներից մեկը։
Ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ հավելել է. «Մենք մոտենում ենք հատակին»։
Ըստ աղբյուրների՝ էներգետիկ հատվածի մասնավոր նախազգուշացումները բազմիցս փոխանցվել են նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և արտացոլվում են խոշոր ընկերությունների հրապարակային հայտարարություններում։ Այսպես, Exxon կորպորացիան ավելի վաղ հայտարարել էր, որ պաշարների մակարդակը հասել է «աննախադեպ ցածր ցուցանիշների»։
Իրավիճակը սրվում է Հորմուզի նեղուցի փակման պատճառով մատակարարումների սահմանափակումներով, ինչը փաստացիորեն փակել է համաշխարհային նավթային առևտրի հիմնական երթուղիներից մեկը։ Նման պայմաններում ԱՄՆ-ում բենզինի գներն արդեն զգալիորեն աճել են։
Փորձագետները նախազգուշացնում են, որ հակամարտության շարունակման դեպքում գների աճը կարող է դառնալ ավելի կտրուկ և անկայուն, իսկ շուկայում ամենալարված շրջանը սպասվում է հուլիսին։
Սպիտակ տնից, ի պատասխան, հայտարարել են, որ վարչակազմն ակնկալում էր շուկայի կարճաժամկետ տատանումներ և միջոցներ է ձեռնարկում դրանք զսպելու համար։ Սպիտակ տան ներկայացուցիչ Թեյլոր Ռոջերսն ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո նավթի գները պետք է նվազեն, իսկ համաշխարհային էներգետիկ շուկաները՝ կայունանան։