Ֆրանսիայի «Ազգային միավորման» առաջնորդը հեռավորություն է պահպանում Թրամփից. «Նրա վարքագիծը անկանխատեսելի է»

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի դիտարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր մերձեցումը և ընդգծել է իր քաղաքական դիրքորոշման ու ամերիկացի առաջնորդի միջև եղած հեռավորությունը։

Ըստ Բարդելայի, Թրամփի վարքագիծը անկանխատեսելի և անկայուն է։ «Դա ոչ միայն անկանխատեսելի է, այլև ծայրահեղ անկայուն և մշտապես փոփոխվում է», — ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի ընկալումը «կախված է օրից. երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի՝ ամեն անգամ տարբեր կերպ»։

Քաղաքական գործիչը նաև մերժել է Թրամփի կողմից քաղաքական աջակցության գաղափարը՝ հայտարարելով, որ ֆրանսիական քաղաքականությունը պետք է հենվի բացառապես ներքին աջակցության վրա։ «Աջակցությունը, որը մենք փնտրում ենք Մարին Լը Պենի հետ միասին, ֆրանսիացի ժողովրդի և ֆրանսիացի ընտրողների աջակցությունն է։ Մենք կարիք չունենք ընդունելու կամ դուռ բացելու որևէ միջամտության համար», — նշել է նա։

Բարդելան ընդգծել է, որ ԱՄՆ-ն մնում է Ֆրանսիայի դաշնակիցը, սակայն նրա դերը Եվրոպայի անվտանգության ապահովման հարցում, իր կարծիքով, փոխվում է։ «Ամերիկացիները դաշնակիցներ են, և այդպիսին էլ կմնան։ Բայց դրանք այն դաշնակիցներն են, որոնք այլևս մտադիր չեն օգնության հասնել Եվրոպային կամ մնալ նրա պաշտպանական հովանին», — ասել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է հաշվի առնի Եվրոպայի անվտանգության հարցերում ԱՄՆ-ի ներգրավվածության հնարավոր նվազումը և հենվի սեփական պաշտպանական հնարավորությունների վրա՝ ներառյալ ֆրանսիական պաշտպանական արդյունաբերությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *