Հունգարիայի նախագահը ստորագրել է օրենք, որն արգելում է Օրբանին կրկին դառնալ վարչապետ

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնում գտնվելը երկու չորսամյա ժամկետով։ Օրենքն ունի հետադարձ ուժ և նախկին կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանին զրկում է կրկին այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ փոփոխությունն ընդունվել է սահմանադրական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, ուստի այն խորհրդարան վերադարձնելու կամ Սահմանադրական դատարան փոխանցելու հիմքեր չեն եղել։

Նոր կանոններով՝ վարչապետ չի կարող ընտրվել այն անձը, որն ընդհանուր առմամբ ութ և ավելի տարի զբաղեցրել է այդ պաշտոնը, նույնիսկ եթե պաշտոնավարման ժամկետները եղել են ընդհատումներով։ Ընդ որում, սահմանափակումը չի տարածվում կառավարության ներկայիս ղեկավարի գործող լիազորությունների ժամկետի վրա, այլ կիրառվում է միայն ապագա նշանակումների դեպքում։

Փոփոխությունը վերաբերում է 1990 թվականից ի վեր պաշտոնավարած բոլոր վարչապետներին, ներառյալ Վիկտոր Օրբանին, որը կառավարությունը գլխավորել է 1998–2002 թվականներին և այնուհետև՝ 2010 թվականից մինչև 2026 թվականը։

Փոփոխությունների նախաձեռնողը խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի նոր կառավարությունն է։ Օրինագծին կողմ է քվեարկել կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը, մինչդեռ ՖԻԴԵՍ-ի պատգամավորներն ու նրանց դաշնակիցները դեմ են քվեարկել։

Փոփոխության կողմնակիցները հայտարարում են, որ այն անհրաժեշտ է իշխանության հերթափոխությունն ապահովելու և ժողովրդավարական սկզբունքները պաշտպանելու համար։ ՖԻԴԵՍ-ում, ընդհակառակը, օրենքը համարում են քաղաքականապես մոտիվացված և ուղղված անձամբ Օրբանի դեմ՝ այն անվանելով «հակաժողովրդավարական» և օրենքի առաջ հավասարության սկզբունքին հակասող։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *