Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունները չեն եղել ո՛չ ազատ, ո՛չ էլ հավասար, քանի որ երկրում ձևավորվում է կուսակցապետություն, որտեղ իշխող կուսակցության գործունեությունը լիովին միաձուլվել է գործադիր իշխանության գործառույթներին։ Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող փաստաբան Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը ներկայացրել է փաստերի և իրավական հիմնավորումների ընդարձակ ցանկը, որը դաշինքն արդեն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները։ Որպես քաղաքական մանիպուլյացիաների օրինակ՝ փաստաբանը մատնանշել է 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ ընտրական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո, կենսաթոշակների հրատապ բարձրացումը։ Բացի այդ, նա շեշտել է վարչական ռեսուրսի չարաշահման փաստը. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուն Կառավարության շենքում ինչ-որ պահի վերածվում է երկրի վարչապետի՝ խախտելով հավասար հնարավորությունների սկզբունքը»։
Նրա գնահատմամբ՝ ապրիլի 7-ին Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները նպատակ են ունեցել արգելել դաշինքի անվանման մեջ դրա առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան օգտագործումը։ Փոփոխությունների մեկ այլ հետևանք էլ քվեաթերթիկների գնահատման նոր չափանիշների ներդրումն է, ինչի պատճառով ավելի քան 16 000 քվեաթերթիկ է անվավեր ճանաչվել։ Վարդևանյանը իշխանություններին մեղադրել է ագրեսիվ հռետորաբանության տարածման համար, որը ԿԸՀ-ն մեղմորեն բնորոշել էր որպես «սուր քաղաքական դիսկուրս», մինչդեռ Վարչական դատարանն այդպիսի բառապաշարն անհամատեղելի է համարել առողջ մթնոլորտի հետ։
Խոսելով ուժայինների կողմից աննախադեպ ճնշումների մասին՝ փաստաբանը հնչեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակագրությունը. հունիսի 24-ի դրությամբ տարբեր գործերով անցնում է ընդդիմության 258 ներկայացուցիչ, և նրանց թվում չկա «Քաղաքացիական պայմանագրի» ոչ մի կողմնակից։ Ընդդիմադիր Դավիթ Կազինյանի գաղտնի ձայնագրությունը, որն արվել էր դեռ մայիսին, քննչական մարմինը հրապարակել է «լռության օրը»։ «Պատճառն ազատ և հավասար ընտրությունների բացակայությունն է, քանի որ քվեարկությունից ընդամենը մեկ օր առաջ կոմպրոմատի հրապարակումը նպատակ ունի միտումնավոր վախի մթնոլորտ ստեղծել»,- ընդգծել է Վարդևանյանը։ Նա հավելել է, որ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ամբողջ քարոզարշավն ապօրինաբար անցկացրել է տնային կալանքի տակ, թեև այդ ընթացքում հասցրել է շփվել ավելի քան 10 000 քաղաքացու հետ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը մատնանշել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և եվրոպական երկրների կողմից Նիկոլ Փաշինյանի օգտին ուղղակի արտաքին միջամտությունը՝ նշելով, որ միջազգային դիտորդներն այս ամենը «չեն նկատել»։ Սա այն դեպքում, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն արձանագրել էր, որ իշխող կուսակցության ցուցակի 90%-ը կազմված է եղել գործող պաշտոնյաներից։ Մյուս խախտումները վերաբերել են քվեարկության օրվան. շուրջ 80 000 քաղաքացի չի կարողացել ընտրությանը մասնակցել անձնագրերով, իսկ ընտրացուցակներում հայտնաբերվել է մոտ 17 000 գաղտնագրված ընտրող (2021 թվականին նրանց թիվը 10 000 էր)։ Արամ Վարդևանյանը փաստել է, որ այս ընդհանուր 100 000 ձայների նկատմամբ վերահսկողության որևէ մեխանիզմ գոյություն չունի, թեև հենց այդ թիվն է վճռորոշ դարձել իշխանությունների հաղթանակի համար։
Փաստաբանը ԿԸՀ-ին մեղադրել է նաև լիազորությունների կոպտագույն չարաշահման մեջ, քանի որ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները՝ արհամարհելով Վարչական դատարանի որոշումը, որով ԿԸՀ-ն պարտավորվում էր կրկնակի քվեարկություն կազմակերպել 2500 ընտրողի համար։ «Կա՛մ պետք է լուծարել Հայաստանի Վարչական դատարանը, որովհետև դրա վճիռները որևէ իրավական արժեք չունեն, կա՛մ էլ ընդունել, որ ԿԸՀ-ն ավելի վերև է կանգնած, քան դատական համակարգը»,- ընդգծել է փաստաբանը։
Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրականում չի հաղթել ընտրություններում, քանի որ չի հաղթահարել «50 +1 ձայնային» շեմը, իսկ ներկայիս արդյունքներն արձանագրվել են բացառապես փոքր կուսակցությունների ձայների արհեստական փոշիացման հաշվին։ Նա հույս է հայտնել, որ Սահմանադրական դատարանն անկախություն կդրսևորի և « կկայացնի օրինական երեք որոշումներից մեկը՝ ընտրությունների արդյունքների ամբողջական չեղարկում, երկրորդ փուլի նշանակում կամ պատգամավորական մանդատների վերաբաշխում»։