Շվեդիայում դատապարտել և հոգեբուժական բուժման են ուղարկել տղամարդուն՝ ՌԴ-ին ռազմական գաղտնիքներ փոխանցելու փորձի համար

Շվեդական դատարանը չորեքշաբթի երկրի զինված ուժերի նախկին խորհրդատուին մեղավոր է ճանաչել Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու փորձի մեջ և նրան նշանակել է հարկադիր հոգեբուժական բուժում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Դատարանի տվյալներով՝ լուրջ հոգեկան խանգարումով տառապող 34-ամյա տղամարդը նախորդ տարվա նոյեմբերին մեկնել էր Մոսկվա՝ ռուսական կողմին գաղտնի տեղեկություններ փոխանցելու նպատակով, որը նա ստացել էր շվեդական բանակում համակարգչային խորհրդատու աշխատելու ընթացքում։

Ինչպես հայտնել են դատարանում, տղամարդը կապ է հաստատել ռուսական հատուկ ծառայությունների՝ Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության հետ և առաջարկել տեղեկությունները փոխանցել ռուսական քաղաքացիության և հատուկ պաշտպանության դիմաց։

Դատախազության վարկածով՝ մեղադրյալն արհեստական բանականություն է օգտագործել «Միջնորդություն Գլխավոր հետախուզական վարչության ալիքով ռազմական պաշտպանության մասին» վերնագրով փաստաթուղթ ստեղծելու համար, որում շարադրել է ռուսական կողմին իր դիմելու պատճառները։

Տղամարդը, որին դատական փաստաթղթերում անվանում են միայն Ռ. Տ. սկզբնատառերով, հերքել է մեղադրանքները եռօրյա դատավարության ընթացքում, որի նիստերի մի մասն անցկացվել է դռնփակ ռեժիմով։

Բացի դրանից, նրա նկատմամբ շարունակվում է հետաքննությունը սպանության նպատակով դավադրություն նախապատրաստելու գործով։ Շվեդիայի պետական անվտանգության ծառայությունը (SAPO) ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը երկրի համար գլխավոր ռազմական և հետախուզական սպառնալիքն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *