Գրենլանդիան Թրամփի հետ կապ ունեցող ընկերությանը ստիպեց հորատումը հետաձգել մինչև 2027 թվականը

Գրենլանդիայի իշխանությունները ստիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի հետ կապ ունեցող ամերիկյան նավթային ընկերությանը հետաձգել կղզու տարածքում հորերի հորատումը, գրում է The Guardian-ը։

Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ աճում է լարվածությունը Արկտիկայում նավթի հետախուզություն սկսելու ընկերության ծրագրերի շուրջ։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունը հուլիսին Գրենլանդիայի արևելյան ափ է հասցրել հորատման սարքավորումներ՝ առանց համապատասխան թույլտվության։ Այդ ժամանակ իշխանությունները ընկերությանը «խիստ նախազգուշացում» էին արել։

Greenland Energy ընկերությունը ծրագրում էր հորատումը սկսել արդեն մոտ ժամանակներում, սակայն Գրենլանդիայի կառավարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ կարգավորող ընթացակարգերը սահմանված ժամկետներում ավարտել չի հաջողվի։

«Անհրաժեշտ կարգավորող գործընթացը չի կարող ավարտվել, և այդ պատճառով անհրաժեշտ թույլտվությունները հնարավոր չէ ստանալ մինչև հորատման նախատեսված մեկնարկը»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Գրենլանդիայի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ ընկերության առաջարկած ժամկետները հնարավորություն չեն տալիս պատշաճ կերպով գնահատել նախագծի բնապահպանական և սոցիալական հետևանքները։ Մասնավորապես, դեռ պետք է որոշվի՝ արդյոք թույլատրելի՞ է հորատումը պահպանվող ջրաճահճային տարածքներում, որտեղ բնակվում են թռչունների հազվագյուտ տեսակներ և մուշկային եզներ, որոնք կարևոր նշանակություն ունեն տեղացի որսորդների համար։

Այժմ հորատումը կարող է սկսվել ոչ շուտ, քան 2027 թվականի ձմռանը։

Հետաձգումը լիովին խաչ է քաշում այն կանխատեսման վրա, որը մայիսին հնչեցրել էր Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին, որին Թրամփը նշանակել էր Գրենլանդիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ։ Կղզի կատարած այցից հետո նա հայտարարել էր, որ այնտեղ եղած նավթի պաշարները, իբր, կարող էին օգնել լուծել էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել էր Իրանի դեմ ԱՄՆ հարվածներից հետո։

Լենդրին, որը հանդես է գալիս Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու օգտին, այդ ժամանակ պնդում էր, որ նավթի արդյունահանումը կարող է սկսվել մոտավորապես 10 ամիս անց։

Greenland Energy-ի ղեկավար Ռոբերտ Փրայսը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս մտադիր է շարունակել նավթի հետախուզությունը Գրենլանդիայի օրենսդրությանը համապատասխան։

«Greenland Energy-ն շարունակում է հավատարիմ մնալ իր նավթահետախուզական ծրագրի պատասխանատու առաջմղմանը, Գրենլանդիայի բոլոր կարգավորող պահանջների պահպանմանը և տեղական իշխանությունների հետ լիարժեք համագործակցությանը»,- ասել է Փրայսը։

Նա հավելել է, որ ընկերությունը մտադիր է օգտվել հետաձգումից՝ իր ծրագրերը վերջնականացնելու և տեղական համայնքների, գործընկերների ու պետական կառույցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար։

Հետաձգումն արդեն ազդել է Greenland Energy-ի բաժնետոմսերի արժեքի վրա. հորատման հետաձգման մասին հայտարարությունից հետո չորեքշաբթի ընկերության բաժնետոմսերի գները նվազել են ավելի քան մեկ երրորդով։

Greenland Energy-ն ծրագրում էր ներդրողներից ներգրավված մոտ 60 միլիոն դոլար ուղղել Ջեյմսոն Լենդի շրջանում հորատման աշխատանքներին՝ նախագծում վերահսկիչ բաժնեմասի դիմաց։ Ընկերության ղեկավարը նախկինում հայտարարել էր, որ այս հեռավոր տարածաշրջանի ընդերքում կարող են լինել մինչև 1 տրիլիոն դոլար արժողությամբ նավթի պաշարներ։

Միաժամանակ նշվում է, որ նախագիծը մի շարք կապեր ունի Թրամփի շրջապատի հետ։ Ընկերության բաժնետերերի թվում է միլիարդատեր Քենեթ Գրիֆինը, որը 1 միլիոն դոլար էր նվիրաբերել Թրամփի երկրորդ երդմնակալությանը։ Տնօրենների խորհրդում աշխատում է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան, որը կապված է Golden Dome հակահրթիռային պաշտպանության ծրագրի հետ։

Չնայած դրան՝ Greenland Energy-ի ներկայացուցիչները պնդում են, որ նավթային նախագիծը Գրենլանդիան միացնելու ամերիկյան ծրագրերի հետ առնչություն չունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *