Տնտեսագետները պարզել են, թե երբ արժե փոխել ներդրումային ռազմավարությունը

Ազգային հետազոտական համալսարանին առընթեր Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնտեսագետները արտասահմանյան համալսարանների գործընկերների հետ միասին, ուսումնասիրել են բորսայական գների շարժը գրեթե 100 տարվա ընթացքում և առաջարկել ներդրումային ռազմավարություն, որի եկամտաբերությունը կարող էր գրեթե կրկնակի գերազանցել շուկայականը։ Գիտնականները առաջարկում են հետևել մոմենտումի՝ ներկայիս գնի և դրանից առաջվա որոշակի ժամանակաշրջանի գնի տարբերության ռազմավարությանը, երբ շուկան աճում է երկու տարվա ընթացքում, և անցնել արժեքային մոտեցման, երբ շուկան անկում է ապրում։

Ֆոնդային շուկայում առանձնացնում են երկու հիմնական ռազմավարություն՝ մոմենտում՝ այն բաժնետոմսերի գնման ռազմավարությունը, որոնք վերջին շրջանում թանկացել են, և այն բաժնետոմսերի վաճառքը, որոնք թույլ դինամիկա են ցուցադրել, ինչպես նաև արժեքային ռազմավարությունը, որը ենթադրում է հակառակ վարքագիծ՝ համեմատաբար էժան բաժնետոմսերի գնում և թանկերի վաճառք։ Առաջինը շահույթ է բերում, քանի դեռ շուկան աճում է, իսկ երկրորդը՝ երբ ներդրողներն անցնում են ավելի էժան բաժնետոմսերի։ Ներդրողները կարող են կամ հետևել դրանցից մեկին, կամ համադրել դրանք այս կամ այն համամասնությամբ։

Համարվում է, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ներդրողները հիասթափվել են արժեքային մոտեցումից, գրում է Naked Science-ը։ Էժան բաժնետոմսերը դադարել են գերազանցել թանկերին, և Ուորեն Բաֆեթի հռչակած ներդրումային ռազմավարությունը, որի օգնությամբ նա վաստակել է 150 միլիարդ դոլարի կարողություն, սկսել է ոչ շահավետ թվալ։ 

Սակայն Ազգային հետազոտական համալսարանին առընթեր Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնտեսագիտական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Վիկտորիա Դոբրինսկայան արտասահմանյան գործընկերների հետ միասին ցույց է տվել, որ արժեքային ռազմավարությունը շարունակում է բարձր եկամուտ բերել։ Պարզապես այն աշխատում է միայն շուկայի հատուկ վարքագծի դեպքում, որը վերջին տարիներին չի դիտվել։ Հոդվածը հրապարակվել է առաջատար միջազգային Journal of Banking and Finance հանդեսում։

Հետազոտողներն իրենց արդյունքը մեկնաբանում են վարքագծային մոդելների շրջանակում։ Երկարատև աճից հետո ներդրողների լավատեսությունը կարող է ուժեղացնել որոշ ընկերությունների գերագնահատումը և մյուսների թերագնահատումը։ Իսկ շուկայի անկումը նվազեցնում է լավատեսությունը, որից հետո գներն ավելի արագ վերադառնում են հիմնարար ցուցանիշներին համապատասխան մակարդակների։ Այդ թռիչքը հեղինակներն «արժեքային բում» են անվանել:  

Գիտնականներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի Նյու Յորքի ֆոնդային բորսայում և NASDAQ բորսայում բոլոր բաժնետոմսերի գների շարժը 1926-ից մինչև 2022 թվականը։ Այդ հարյուրամյակում ներառվել են Մեծ դեպրեսիան, 1973 թվականի նավթային ճգնաժամը, դոթ-քոմերի պղպջակը և 2008 թվականի հիփոթեքային ճգնաժամը։ Նույն հաշվարկները կրկնվել են նաև 20 զարգացած երկրների բորսաների համար։

Ավելի վաղ համարվում էր, որ արժեքային ռազմավարության եկամտաբերությունը հավասարաչափ բաշխված է ներդրման ամբողջ հորիզոնում, և նույնիսկ եթե առանձին տարիներին այն վնասաբեր լինի, վերջիվերջո ներդրողը միևնույն է որոշակի շահույթ կստանա։ Սակայն գիտնականները պարզել են, որ արժեքային ռազմավարության գրեթե ամբողջ շահույթը բերում են հենց արժեքային բումները, որոնց հեղինակները գրեթե 100 տարվա դիտարկումների ընթացքում հաշվարկել են 38 բում։ Այսպես, 1932 թվականի օգոստոսին, Մեծ դեպրեսիայից դուրս գալու փուլում, արժեքային ռազմավարությունը մեկ ամսում բերել է 68%, այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին շուկան անկում էր ապրել երկու երրորդով։ 

Արժեքային բումներ տարբեր ժամանակներում դիտվել են նաև 20 այլ զարգացած երկրներում։ Դրանցում միջին եկամտաբերությունը կազմել է ընդամենը տարեկան 3,6%, սակայն տեղական շուկաների անկումներից հետո աճել է մինչև 8,6%։ 

Այդ արդյունքների հիման վրա հեղինակներն առաջարկել են նոր ներդրումային մոտեցում՝ անհրաժեշտ է հետևել մոմենտում ռազմավարությանը, եթե շուկան աճել է նախորդ երկու տարիներին, և անցնել արժեքային ռազմավարությանը, եթե այն, հակառակը, անկում է ապրել։ Այսպիսի մոտեցումը բերել է տարեկան 18,5% եկամտաբերություն՝ ի տարբերություն մշտական մոմենտումի 13,7%-ի, արժեքային ռազմավարության 5%-ի և ավանդական համակցված ռազմավարությունների 9,6%-ի։ 

«Այդ փոխարկման ռազմավարությունը կարող է արդյունավետ լինել նաև ռուսական շուկայում։ Սակայն Ռուսաստանում շուկան ավելի արագ է շարժվում, ուստի փոխարկման ժամանակային հորիզոնը կարող է տարբերվել երկու տարուց։ Բացի դրանից, ռուսական շուկայում չափազանց քիչ բաժնետոմսեր կան, որոնցից հնարավոր կլիներ կառուցել համապատասխան պորտֆել, ինչի պատճառով եկամտաբերությունները կարող են չափազանց ցածր լինել, սակայն դա արժե առանձին ուսումնասիրել»,- նշել է Ազգային հետազոտական համալսարանին առընթեր Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի տնտեսագիտական գիտությունների ֆակուլտետի դոցենտ Վիկտորիա Դոբրինսկայան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *