Մարկ Ցուկերբերգը բախվել է հարցերի ալիքի, այն բանից հետո, երբ նրա 300 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավն օգնության չի հասել Ալյասկայի ջրերում խափանված նավի ուղևորներին, գրում է The New York Post-ը։
Հսկայական՝ 387 ֆուտ (118 մետր) երկարությամբ Launchpad նավը չի արձագանքել օգնության խնդրանքներին, երբ երկուշաբթի երեկոյան Պիտերսբուրգից Ջունո (Ալյասկա) ուղևորության ընթացքում 21 ֆուտանոց թեթև նավակի վառելիքը վերջացել է, հաղորդում է Alaska Beacon-ը։
Սուպերզբոսանավի փոխարեն օգնության է հասել Wilderness Legacy փոքրիկ զբոսաշրջային նավը։
Ուղևորներից մեկի պատմելով՝ փրկարարական գործողության թեժ պահին զբոսաշրջային նավի նավապետը հայտարարել է, որ Ցուկերբերգի սուպերզբոսանավը խափանված նավակին ավելի մոտ է գտնվել, քան իրենց սեփական նավը, սակայն «հրաժարվել է» օգնության ձեռք մեկնել։
«Գրեթե միաձայն սուլոցներ հնչեցին, երբ նավապետը հայտարարեց, որ Ցուկերբերգի նավն օգնության չի հասել»,- Bluesky-ում իր գրառման մեջ գրել է հանգստացող Մայքլ Լավը։
Alaska Beacon-ի տվյալներով՝ նավերի հետևման ծառայությունները ցույց են տվել, որ UnCruise Adventures ընկերության շահագործած Wilderness Legacy զբոսաշրջային նավն այդ պահին խափանված լողամիջոցի համեմատ ավելի հեռու է գտնվել, քան Ցուկերբերգի սուպերզբոսանավը։
Ծառայություններում երևացել է նաև, թե ինչպես է զբոսաշրջային նավը, աղետի մեջ հայտնված նավակին ուղևորվելիս, անցնում Launchpad-ի կողքով, մինչդեռ սոցիալական մեդիամագնատի մեգազբոսանավը շարունակում էր հանգիստ ճոճվել ջրի մեջտեղում, նշում է պարբերականը։
Խափանված սկիֆը Wilderness Legacy-ի ուժերով անվտանգ քարշակվել է դեպի պաշտպանված Ֆարագուտ ծովախորշ։
Ցուկերբերգի ներկայացուցիչը իր հայտարարության մեջ պնդում է, որ տեխնոմիլիարդատերն ինքը և նրա ընտանիքը նավի վրա չեն եղել, իսկ զբոսանավի անձնակազմը աշխատել է այլ ռադիոալիքով։ «Մարկը և նրա ընտանիքը միջադեպի պահին նավի վրա չեն եղել,- ասվում է Alaska Beacon-ին տրամադրված հայտարարության մեջ։- Ինչպես նշել է առափնյա պահպանությունը, նավակը աղետի մեջ չի եղել, և մինչ անձնակազմը ստուգել է առափնյա պահպանության կապը իրենց օգտագործածից տարբեր ռադիոալիքով, օգնությունն արդեն ցուցաբերվում էր։ Մենք ուրախ ենք, որ բոլորն ապահով են»։