Ձիերը մասնակցել են պատմական բազմաթիվ իրադարձությունների՝ պատերազմների, գաղթերի, առևտրի: Նրանց պատմական նշանակությունը դժվար է գերագնահատել․ նրանք ամբողջ ժողովուրդների ճակատագրեր են փոխել, ասվում է science.org կայքում հրապարակված հոդվածում:
Հելսինկիի համալսարանի հետազոտողների աշխատանքը ցույց է տվել, որ ձիերի կազմակերպված օգտագործումը սկսվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 4000 թվականին, իսկ վերջնական ընտելացումը տեղի է ունեցել մոտավորապես մ.թ.ա. 2000 թվականին: Այս ամբողջ ուղին եղել է երկարատև ու անհամաչափ․ այն տևել է սերունդներ շարունակ և ընդգրկել ընդարձակ տարածքներ:
Դարերի ընթացքում ձին եղել է մարդու կարևորագույն օգնականներից մեկը: Այն Եվրասիայի քոչվոր ցեղերին, այդ թվում՝ հոներին, ավարներին, մաջարներին և մոնղոլներին, թույլ է տվել հաղթահարել մեծ տարածություններ, իսկ բանակներում օգտագործվել է ընդհուպ մինչև 20-րդ դարը, փոխանցում է Planet Today-ը: Ամերիկայում կոնկիստադորների ժամանումից հետո ձիերը տարածվել են նաև այնտեղ՝ հիմնական փոխադրամիջոց հանդիսանալով մինչև ավտոմեքենաների հայտնվելը:
Մոտավորապես մ.թ.ա. 3500–3000 թվականներին քոչվոր ցեղերն սկսել են տարաբնակեցվել Եվրասիայի տարածքներում՝ իրենց հետ մեկտեղ տարածելով անիվի գյուտը։ Սկզբում սայլերը քաշում էին ցուլերը, սակայն ավելի ուշ այդ նպատակով սկսեցին լծել ձիերին։ Ձիավարությունը նշանակալիորեն արագացրել է տեղաշարժը․ այն ճանապարհը, որը սայլով տևում էր մի քանի օր, հեծյալը կարող էր անցնել ընդամենը մի քանի ժամում։
Շատ հետազոտողներ նման շարժունակությունը կապում են նախահնդեվրոպական լեզուների տարածման հետ, որոնք վերաբնակիչների հետ միասին ընդգրկում էին նաև հսկայական տարածքներ։ Հենց դրանցից են սերում Եվրոպայի և Ասիայի մեծ մասի ժամանակակից բազմաթիվ լեզուները։
Այսօրվա դրությամբ իսկական վայրի ձիեր չեն պահպանվել․ նույնիսկ Պրժևալսկու ձին վաղ ընտելացված խմբերի սերունդ է։ Շատերի համար այսօր ձիերն ավելի շուտ ընտանի կենդանիներ են, ինչպես նաև ընկերակցության ու շփման աղբյուր։