Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կրկին հայտարարել է, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ծայրահեղ եղանակային երևույթներն արդեն իսկ մարդկանց կյանքի համար սպառնալիք են դարձել։ Նրա խոսքը հնչել է խոշոր անտառային հրդեհների ֆոնին, որոնք 2026 թվականի սկզբից երկրում ոչնչացրել են ավելի քան 180 հազար հեկտար հողատարածք, հայտնում է The Guardian-ը։
«Կլիմայական ճգնաժամը սպանում է», — հայտարարել է Սանչեսը՝ կոչ անելով ոչ միայն պայքարել բնական աղետների հետևանքների դեմ, այլև նվազեցնել այն պատճառները, որոնք հանգեցնում են դրանց։
Ըստ նրա, Իսպանիային անհրաժեշտ է ավելի լավ պատրաստվել նոր սպառնալիքներին՝ մարդկանց կյանքը պաշտպանելու համար։
Վարչապետն այսքան կոշտ ձևակերպում առաջին անգամ կիրառել էր դեռևս 2022 թվականին՝ Էստրեմադուրա շրջանում ավերիչ հրդեհներից հետո։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ կլիմայի փոփոխությունը մարդկանց մահվան է հանգեցնում, ոչնչացնում է էկոհամակարգերը, վնաս հասցնում տներին, բիզնեսին և գյուղատնտեսությանը։
Իսպանիան շարունակում է մնալ կլիմայական փոփոխությունների նկատմամբ Եվրոպայի ամենախոցելի երկրներից մեկը։ Մայրցամաքի հարավում ջերմաստիճաններն ավելի արագ են աճում, երաշտները՝ ուժգնանում, արագանում են անապատացման գործընթացները, փոխվում է տեղումների բնույթը և մեծանում է խոշոր հրդեհների վտանգը։
Երկրում հասարակական կարծիքը ընդհանուր առմամբ աջակցում է կլիմայական սպառնալիքների վերաբերյալ մտահոգությանը։ Պետական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի՝ 2024 թվականին անցկացրած հարցման համաձայն, իսպանացիների 84%-ը կլիմայական ճգնաժամը համարում է իրական սպառնալիք մարդկանց առողջության և մոլորակի համար։
Սակայն Իսպանիայում այս հարցի շուրջ քաղաքական միասնություն չկա։ Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը (PP) քննադատել է կլիմայական սպառնալիքներին նախապատրաստվելու համազգային ծրագիր ստեղծելու վերաբերյալ Սանչեսի նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ կառավարությունը կլիմայական ճգնաժամի թեման օգտագործում է բնական աղետների կառավարման մեջ թույլ տրված սխալներն արդարացնելու համար։
PP-ի ներկայացուցիչ Էստեր Մունյոսը նաև հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը տեղի է ունեցել Երկրի ողջ պատմության ընթացքում՝ հարց բարձրացնելով, թե այս գործընթացներում կոնկրետ ինչ դեր ունի մարդու գործունեությունը։