Հրդեհ և խուճապային հրմշտոց Լոնդոնում անցկացվող փառատոնի ժամանակ․ տուժել է 23 մարդ

Լոնդոնում Ghana Party in the Park (Shattafest UK) փառատոնի մուտքի մոտ բռնկված հրդեհը խուճապային հրմշտոցի պատճառ է դարձել, որի հետևանքով 23 մարդու բժշկական օգնություն է պահանջվել։ Տուժածներից երեքին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է BBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտ 18:00-ին, Բարնեթ շրջանում գտնվող Copthall Playing Fields տարածքում։ Լոնդոնի ոստիկանության տվյալներով, մուտքի դարպասների մոտ փոքր հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով կազմակերպիչները ժամանակավորապես փակել են մուտքը տարածք։

Մինչ հրշեջները մարում էին հրդեհը, դարպասների առջև մարդկանց մեծ կուտակում է առաջացել։ Մուտքը բացելուց հետո ամբոխը հուժկու կերպով շարժվել է առաջ, ինչը հանգեցրել է հրմշտոցի։

Ոստիկանության տեղեկացմամբ, դեպքի վայր ժամանած աշխատակիցները կազմակերպիչների հետ միասին կենդանի շղթա են կազմել՝ գետնին հայտնված մարդկանց պաշտպանելու համար։ Տուժածներից ոմանք առաջին օգնություն են ստացել տեղում, այդ թվում՝ սիրտ-թոքային վերակենդանացում։

Ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել 23 մարդու, ինը հոգու զննել են շտապօգնության ծառայության աշխատակիցները, երեքին հոսպիտալացրել են վնասվածքներով, որոնք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։

Դեպքից հետո կազմակերպիչները որոշել են փառատոնը վաղաժամ ավարտել՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով։ Նրանք տեղի ունեցածը անվանել են միջոցառման պատմության «ամենածանր օրերից մեկը» և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Կազմակերպիչները նաև հերքել են սոցիալական ցանցերում տարածված՝ դանակահարության և զոհերի մասին լուրերը՝ ընդգծելով, որ փառատոնի ընթացքում նման միջադեպեր չեն եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *