
Նիգերիայի «Կատսինա Յունայթեդի» ակումբի պաշտպան Չինեդու Օզորի հետ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Ֆուտբոլիստին բժիշկները մահացած էին ճանաչել, սակայն դիահերձարանում նա կրկին կենդանության նշաններ է ցույց տվել։
Օզորը գիտակցությունը կորցրել էր «Նիգեր Տորնադոսի» դեմ նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ։ Խաղացողին բուժզննումից հետո բժիշկները արձանագրել էին նրա մահը։
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է դիահերձարանում։ Որոշ ժամանակ անց Օզորը շարժել է ձեռքը, ինչը վկայել է, որ նա դեռ կենդանի է։ Դրանից հետո ֆուտբոլիստին շտապ տեղափոխել են հիվանդանոց և տեղավորել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար և փորձում են կայունացնել վիճակը։
Դեպքն առավել ուշագրավ է նրանով, որ «Կատսինա Յունայթեդն» արդեն հասցրել էր պաշտոնապես ցավակցություն հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին՝ կարծելով, որ Օզորը մահացել է։