ԱՄՆ-ն ի վիճակի է անժամկետ աջակցել Իրանի ծովային շրջափակմանը. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ը բավարար ռազմածովային ուժեր ունի՝ Իրանի շրջափակումը անսահմանափակ ժամանակով պահպանելու համար, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հաղորդում է Reuters-ը։

Ըստ նրա՝ ամերիկյան նավերը կարող են ըստ անհրաժեշտության ռոտացիայի ենթարկվել և փոխարինել միմյանց տարածաշրջանում, ինչը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս շարունակել շրջափակումը՝ առանց սահմանված ժամկետների։

«ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են անսահմանափակ ժամանակով պահպանել նման շրջափակումը, քանի որ մենք նավերը կռոտացնենք այնտեղ և հետ, ինչպես արել ենք նախկինում և կշարունակենք անել»,- ասել է Հեգսեթը լրագրողներին։

Նախարարի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ամերիկյան ռազմական ղեկավարությունը հնարավոր է համարում ծովային շրջափակման երկարատև կիրառումը՝ որպես Իրանի վրա ճնշման գործիք։ Reuters-ի տվյալներով՝ խոսքը վերաբերում է Թեհրանի վրա տնտեսական ճնշման պահպանմանը՝ հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների ֆոնին, որոնք առայժմ համաձայնության չեն հանգեցրել։

Հեգսեթը հայտարարությունն արել է Պանամայում՝ USS Gridley հրթիռային էսկադրային կործանիչի անձնակազմի առջև ելույթ ունենալուց հետո, որը նախկինում մարտական հերթապահություն էր իրականացնում Մերձավոր Արևելքում։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նա միաժամանակ Իրանի դեմ ամերիկյան ծովային շրջափակումն անվանել էր «պողպատե պատ» և հայտարարել, որ Իրանն ի վիճակի չէ դիմակայել դրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *