Երաշտը բացահայտել է Դանուբի գաղտնիքը․ նացիստական Գերմանիայի նավերը դուրս են եկել մակերես

Եվրոպայում ուժեղ շոգն ու երաշտը հանգեցրել են Դանուբի ջրի մակարդակի կտրուկ անկման, ինչի հետևանքով սերբական Պրահովո քաղաքի շրջանում կրկին երևացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական ռազմական նավերի կորպուսները, հայտնել է The Telegraph-ը։

Նավերը մտնում էին նացիստական Գերմանիայի Սևծովյան նավատորմի կազմի մեջ։ 1944 թվականին, նահանջելով խորհրդային զորքերի ճնշման տակ, գերմանական անձնակազմերը Դանուբում միտումնավոր խորտակել են հարյուրավոր նավեր, որպեսզի դրանք չհասնեն հակառակորդին։

Հատակից բարձրացած որոշ նավերի մնացորդները պահպանել են կորպուսների, վերին շինությունների և կառուցվածքի այլ տարրեր։ Խորտակված նավերի մի մասը մինչ օրս վտանգ է ներկայացնում նավարկության համար․ որոշ կորպուսներում կարող են լինել զինամթերք և պայթուցիկ նյութեր։

Նավերի ի հայտ գալը եվրոպական գետերում ջրի մակարդակի ծայրահեղ նվազման հետևանքներից մեկն է։ Վերջին տարիներին երաշտները բազմիցս բացահայտել են ջրի տակ թաքնված պատմական օբյեկտներ՝ ռազմական նավերից մինչև հին նավեր և հնագիտական գտածոներ։

Պրահովոյի բնակիչների համար խորտակված գերմանական նավատորմը մնում է ոչ միայն պատմական հուշարձան, այլև բնապահպանական խնդիր․ դրանց բեկորները խանգարում են նավարկությանը և աստիճանական հեռացում են պահանջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *