Չինացի հետազոտողները միջուկային լիցքի միջոցով Երկրի համար սպառնալիք ներկայացնող խոշոր աստերոիդների դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել։ Այս մասին հայտնել է South China Morning Post թերթը։
«Չինական երկփուլ մեթոդը ունակ է կործանել Երկրի համար վտանգավոր տիեզերական օբյեկտը 3 մեգատոննա հզորությամբ պայթյունի միջոցով, ինչը հավասարազոր է Հիրոսիմայի վրա նետված 200 ռումբի»,- նշված է հրապարակման մեջ։
Առաջարկվող տեխնոլոգիան նախատեսում է ռումբ տեղադրել տիեզերական մարմնի ներսում՝ այն ոչնչացնելու կամ շարժման հետագիծը փոխելու նպատակով։
Հոդվածում նշվում է, որ Հրթիռային տեխնիկայի չինական հետազոտական ինստիտուտի գիտնականներն առաջարկել են երկու փուլից բաղկացած սխեմա։ Նախ՝ մետաղական հարվածային զոնդը պետք է մխրճվի աստերոիդի մակերևույթի մեջ և փոսորակ առաջացնի, որից հետո երկրորդ տիեզերանավը դրա ներսում կտեղադրի միջուկային լիցքն ու կիրականացնի պայթյունը։
Հետազոտողները պարզել են նաև, որ լիցքը 30 մետր խորության վրա տեղադրելու դեպքում աստերոիդի հետագծի վրա ազդեցության էֆեկտիվությունը մակերեսային պայթյունի համեմատ ավելանում է ավելի քան երեք անգամ։
Ընդգծվում է, որ այս մոտեցումն ավելի արդյունավետ է, քան միջուկային սարքն ուղղակի աստերոիդի մակերեսին նետելը, քանի որ թույլ է տալիս նախապես ընտրել լիցքի տեղադրման վայրն ու ապահովել ավելի խորքային ազդեցություն։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել անօդաչու տիեզերական սարքերի միջոցով։