Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական բացատրություն է տվել անցյալ շաբաթ իսպանական Սեուտա ներգաղթյալների զանգվածային հոսքին, գրում է Bild պարբերականը։
Առաջին պատճառը սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկություններն են։ Ներգաղթյալների հոսքն առաջացել է ինքնաբերաբար, հայտարարել է նախարարության ներկայացուցիչը։ Շատ ներգաղթյալներ իսպանական լրատվամիջոցներին պատմել են, թե իբր բաց սահմանի մասին իմացել են առցանց հարթակներում, մասնավորապես՝ TikTok-ում հրապարակված տեսանյութերի և հաղորդագրությունների միջոցով։
Երկրորդ պատճառը, ինչպես պնդում է մարոկկոյական նախարարությունը, իսպանական դատարանի որոշման սխալ մեկնաբանումն է, ըստ որի՝ ծովում ձերբակալված ներգաղթյալներին այլևս չի կարելի անմիջապես հետ ուղարկել։
Միաժամանակ, Մարոկկոն վերահաստատել է իր հանձնառությունն անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Այդ հայտարարության հետ, սակայն, չեն համընկնում իսպանական ուժային կառույցների տվյալները, ըստ որոնց՝ մարոկկոյացի սահմանապահները ներխուժումից քիչ առաջ հեռացել են Սեուտայի հետ սահմանից։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, մի քանի ներգաղթյալներ իրարից անկախ պատմել են, որ իրենց չեն կանգնեցրել, այլ, ընդհակառակը, քաջալերել են հատել սահմանը։
Սեուտայի ափամերձ հատվածում իրավիճակը, ինչպես հաղորդվում է, հանդարտվել է։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Սեուտայում դեռևս 2500 մարոկկացի կա։