Իրանի հետ անհարկի պատերազմը շարունակում է անվերջ ձգձգվել՝ դրա մեկնարկից ավելի քան հինգ ամիս անց։ Այս փակուղային իրավիճակի պատճառները բազմաթիվ են, սակայն դրա զգալի մասը բացատրվում է նախագահ Դոնալդ Թրամփի քաոսային և անհետևողական մոտեցմամբ։ Նա տատանվում է հաշտեցման և կոշտ դիմակայության միջև՝ գրեթե մետրոնոմային կանոնավորությամբ մեկ գովաբանելով իրանցի առաջնորդներին որպես «շատ բանական մարդկանց», մեկ էլ պիտակավորելով նրանց «սրիկաներ», գրում է The Washington Post-ը։
Պատերազմի սկզբից ի վեր Թրամփն առնվազն յոթ անգամ երդվել է կործանիչ հարվածներ սկսել, իսկ հետո հայտարարել, թե դրա փոխարեն հնարավորություն է ընձեռում բանակցություններին։ Վերջերս՝ օգոստոսի 1-ին, նա սոցիալական ցանցերում գրել էր, որ «ԱՄՆ-ը բերվել է լիակատար մարտական պատրաստության և պատրաստ է գործել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ռազմական ահաբեկման, հզորության և ուժի այնպիսի մակարդակներով, ինչպիսիք չեն տեսնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», բայց միաժամանակ ինքը «ձեռնպահ կմնա ցանկացած հարձակումից», քանի որ «գործարքի պարամետրերը համաձայնեցված են» (հավանաբար՝ նկատի ունենալով բուն «պարամետրերը»)։
Ըստ ամենայնի, այդ գրառումը վերաբերում էր Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ նախնական համաձայնությանը․ մուտքային երթևեկությունը պետք է անցնի Իրանի տարածքային ջրերով, իսկ ելքայինը՝ օմանական ջրերով։ Շաբաթ օրը իրանցի բարձրաստիճան պաշտոնյան բարդացրեց բանակցությունները՝ պահանջելով, որ նեղուցի բացման դիմաց չեղարկվեն Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, ապասառեցվեն իրանական ակտիվները և վերացվի իրանական նավագնացության շրջափակումը։
Եթե ԱՄՆ-ը համաձայներ Իրանի պահանջներին, որոնք համահունչ են երկու երկրների միջև հունիսյան Փոխըմբռնման հուշագրին, դա, հավանաբար, կավելացներ նեղուցով անցնող նավերի քանակը։ Սակայն դժվար թե դա բերի կայուն խաղաղության՝ և ոչ միայն այն պատճառով, որ դա որևէ կերպ չի անդրադառնում Իրանի միջուկային ծրագրին (հակամարտության պաշտոնական հիմնավորումը)։ Դա նաև չի լուծում հիմնարար վեճը այն մասին՝ արդյոք Իրանին կթույլատրվի՞ անժամկետ վերահսկել նախկինում բաց միջազգային ջրային ուղին և «օգտվողների վճարների» անվան տակ տուրքեր գանձել։
ԱՄՆ-ի և Իրանի միջև նախորդ փոխըմբռնման հուշագիրը տապալվել էր հենց այդ հարցի պատճառով․ Իրանը համոզված էր, որ համաձայնագիրը պարտադրում է բոլոր նավերին անցնել իր վերահսկիչ-անցագրային կետերով, մինչդեռ ԱՄՆ-ը վստահ էր, որ նավերը կարող են շարժվել Օմանի ջրերով։ Իրանը հարձակվեց այն նավերի վրա, որոնք անցնում էին օմանական երթուղիներով, ինչը հանգեցրեց հակամարտության վերսկսմանը, ներառյալ Հորդանանում ամերիկյան բազայի վրա Իրանի մահաբեր հարձակումը և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատասխան ռմբակոծությունները։
Հիմնարար խնդիրն այն է, որ թե՛ Իրանում, թե՛ ԱՄՆ-ում ղեկավարությունը պառակտված է և վստահ չէ իր նպատակների հարցում։ Իրանում կա պառակտում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կոշտ գծի կողմնակիցների միջև, որոնք ցանկանում են շարունակել պատերազմը, և ավելի գործնական առաջնորդների միջև, որոնք հասկանում են ամերիկյան շրջափակմանը և պատժամիջոցներին վերջ դնելու անհրաժեշտությունը, որպեսզի իրանական տնտեսությունը կարողանա վերականգնվել։ Սովորաբար այդ վեճերը լուծում էր գերագույն առաջնորդը։ Սակայն Իսրայելը սպանել է նախորդին, իսկ նրա որդին և իրավահաջորդը՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեին, ըստ ամենայնի, թաքնվում է, և նրան դժվար է հասնել։
ԱՄՆ-ում գերագույն առաջնորդը՝ նախագահ Թրամփը, լիակատար վերահսկողություն ունի արտաքին քաղաքականության նկատմամբ, սակայն նա զբաղվում է «յո-յո դիվանագիտությամբ»՝ գործարքներ կնքելու և պատերազմներ սանձազերծելու միջև ճոճվելով այնպես, որ դա խաթարում է նրա հաջողության հնարավորությունները այս երկու ուղղություններից որևէ մեկում։ Թվում է՝ իրանցիներն այլևս չեն վախենում նրանից, որովհետև նա այնքան շատ սպառնալիքներ է հնչեցրել, որոնք այդպես էլ չի իրականացրել։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես հուլիսի 22-ին նա երդվեց «ռմբակոծել և ոչնչացնել ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակման ենթարկված յուրաքանչյուր բեռնատար նավի դիմաց։ Այդ ժամանակից ի վեր առնվազն երեք նավ է հարձակման ենթարկվել, իսկ ԱՄՆ-ը այդպես էլ պատասխան հարված չի հասցրել։
Իրանցիները ոչ միայն չեն վախենում Թրամփից, այլև նրան չեն վստահում գործարքներ կնքելու հարցում, քանի որ նա չափազանց հաճախ է փոխում իր կարծիքը՝ և ոչ միայն Թեհրանի հարցում։ Օրինակ՝ հուլիսի 22-ին Թրամփի վարչակազմը հայտարարեց Սաուդյան Արաբիայի հետ ատոմային էներգետիկայի վերաբերյալ համաձայնագրի մասին, սակայն արդեն հաջորդ օրը Թրամփը առաջադրեց լուրջ պայմաններ, որոնց սաուդցի բանակցողները համաձայնություն չէին տվել։ Նախագահի այս հետին թվով առաջ քաշված պայմանները նման էին Վաշինգտոնի Հանրապետական կուսակցության «բազեների» կողմից գործարքի քննադատությանը նրա արձագանքին։ Նույն կերպ, ամեն անգամ, երբ Թրամփը հակվում է Իրանի հետ գործարքի, նա հետ է կանգնում նույն արմատականների խմբի քննադատության պատճառով։
Իրանի հետ պատերազմում Թրամփն ինքն իր ոխերիմ թշնամին է։ Նրան անհրաժեշտ է որոշել միասնական մոտեցում՝ կամ առճակատում, կամ հաշտեցում, և մի քանի ամիս հետևողականորեն հավատարիմ մնալ դրան։
Հաշտեցման մոտեցումը, որը հենվում է նախորդ փոխըմբռնման հուշագրի վրա, այս պահին ավելի խելամիտ տարբերակ է՝ չնայած Իրանի պառակտված ղեկավարության հետ համաձայնության հասնելու ամբողջ բարդությանը։ Ամենայն հավանականությամբ, դա կպահանջի նվաստացուցիչ կերպով ընդունել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության որոշակի աստիճանը։ Սակայն Թրամփը երկրի ներսում բավարար քաղաքական աջակցություն չունի, որպեսզի սրի պատերազմը կամ դիմանա Հորմուզի (և, հնարավոր է, նաև Բաբ էլ-Մանդեբի) նեղուցի երկարատև փակման տնտեսական ցնցումներին։ CNN-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների ընդամենը 28 տոկոսն է հավանություն տալիս նրան, թե ինչպես է Թրամփը վարում Իրանի հետ պատերազմը։ Պատկերացրեք, թե որքան կընկնի այդ աջակցությունը, եթե ԱՄՆ-ը, որն արդեն կորցրել է 18 զինծառայող, նոր կորուստներ կրի։ Ավելին, Պաշտպանության նախարարությունը Իրանի կամ ցանկացած այլ հակառակորդի դեմ պատերազմ վարելու համար անհրաժեշտ հրթիռների խիստ պակաս է զգում։
Այնուամենայնիվ, կան նաև կոշտ մոտեցման օգտին ծանրակշիռ փաստարկներ՝ իրանական նավագնացության անժամկետ շրջափակում՝ այն հույսով, որ Իրանի խորացող տնտեսական խնդիրները նրա ղեկավարությանը կդարձնեն ավելի զիջող։ Սա, հավանաբար, ավելի արդյունավետ կլինի, քան պարզապես Իրանում նոր թիրախների ռմբակոծումը։ Բայց դրա համար պետք կլինի ընտրողներին միջանկյալ ընտրությունների նախաշեմին համոզել համակերպվել նավթի ավելի բարձր գների և աճող գնաճի հետ։
Միակ մոտեցումը, որը երաշխավորված կտապալվի, այն է, որին Թրամփը հետևում է այժմ՝ պատերազմի և խաղաղության, սպառնալիքների և բանակցությունների, պաթետիկ հռետորաբանության և քաղցրաձայն կոչերի միջև զիգզագներով։ Նա կարող է մտածել, թե դա «գործարքի արվեստն» է, բայց իրականում, ինչպես ցույց տվեցին վերջին հինգ ամիսները, սա պարզապես անվերջ և անարդյունք հակամարտության՝ «հավերժական պատերազմի» բանաձև է։