Ներդրողներին կարող են վանել ոչ թե ռիսկերը, այլ խաղի անկանխատեսելի կանոնները․ ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային ներդրողներին կարող են վանել ոչ թե բուն ռիսկերը, այլ խաղի կանոնների և մակրոտնտեսական միջավայրի անկանխատեսելիությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վազգեն Պողոսյանը:

«Ներդրողներն իրոք շատ լավ պատրաստված են ռիսկերին: Ավելին, նրանք նույնիսկ պատրաստ են իրենց վրա վերցնել որոշակի ռիսկեր, քանի որ դա ենթադրում է համապատասխան եկամտաբերություն: Բայց այն, ինչ կարող է վանել միջազգային ներդրողներին, խաղի կանոններն են և մակրոտնտեսական միջավայրը, եթե դրանք բավարար չափով կանխատեսելի չեն: Անորոշությունը նորմալ է, ռիսկերը նորմալ են, բայց խաղի կանոնները պետք է լինեն կանխատեսելի և հասկանալի», — ասել է նա Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:

Պողոսյանի խոսքով՝ բարձր գլոբալ անորոշության պայմաններում Կենտրոնական բանկը ձգտում է դիրքավորվել որպես հուսալի գործընկեր և պահպանում է ամուր հավատարմությունը գնային և ֆինանսական կայունության ապահովմանը:

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը բախվել է արտաքին շոկերի մի ամբողջ շարքի, որոնց թվում են COVID-19 համավարակը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, մատակարարումների գլոբալ շղթաների խաթարումները, էներգետիկ ճգնաժամը և էական փոփոխությունները համաշխարհային տնտեսական քաղաքականության մեջ:

«Ինչ էլ որ տեղի ունենա, մենք ամուր հավատարիմ ենք մակրոտնտեսական կայունության ապահովմանը և դրանում մեր ներդրումն ունենալուն», — ընդգծել է նա:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ կարգավորողն էական դեր է խաղում երկրում մակրոտնտեսական կայունության ձևավորման գործում՝ դրանով իսկ անուղղակիորեն նպաստելով հայկական տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության աճին:

Միևնույն ժամանակ Պողոսյանը նշել է պետության կողմից ենթակառուցվածքներում մասշտաբային ներդրումների կարևորությունը:

«Հենց այդպես կարելի է ընդլայնել աճի մեր հնարավորությունները և բարձրացնել տնտեսական աճի ներուժը: Կարծում եմ՝ սա ամենակարևոր խնդիրներից մեկն է», — ասել է նա:

Խոսելով բարձր անորոշության պայմաններում դրամավարկային քաղաքականության նկատմամբ ԿԲ մոտեցումների մասին՝ Պողոսյանը նշել է, որ ապագան ավելի դժվար է դառնում կանխատեսել մեկ բազային սցենարի հիման վրա:

Նրա խոսքով՝ նման պայմաններում ավելի նպատակահարմար է դիտարկել տնտեսության զարգացման մի քանի հնարավոր սցենարներ և քաղաքականությունն իրականացնել այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի առավել անցանկալի ելքերի հավանականությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *