Կասեցվել է «Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ․ Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:

Սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, որ հայտնաբերվել են այս արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում, անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Այսպես՝-

արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

– չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրամասի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

– հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում խոնավության խտացմանը,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներ և գույքը՝ գործիքները, պարագաները և բեռնարկղերը, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում,

– մակնշվածքում նշված չէ արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» գրառումը։

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Սահմանվել է կատարման ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *