Հարավային Թուրքիայի հնագույն Ասպենդոս քաղաքի շրջակայքում հնագետները հայտնաբերել են մի մարդու թաղում, որը, ենթադրաբար, ավելի քան 2,4 հազար տարի առաջ կարող էր պրոֆեսիոնալ ըմբիշ լինել, հայտնում է Live Science-ը։
Դամբարանը հայտնաբերվել է քաղաքի սահմաններից դուրս գտնվող գերեզմանոցներից մեկի տարածքում։ Մնացորդները գտնվել են քարե սալերից կառուցված սարկոֆագում։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ թաղումը վերաբերում է մ.թ.ա. 475-ից 300 թվականների միջև ընկած ժամանակաշրջանին։
Մահացածի հնարավոր կապը սպորտի հետ մատնանշում են ըմբիշների պատկերներով արծաթե մետաղադրամները և դամբարանում հայտնաբերված այլ արտեֆակտները։ Միևնույն ժամանակ, հնագետները դեռևս չեն կարող պնդել, որ թաղված անձը իսկապես զբաղվել է ըմբշամարտով։
Այովայի համալսարանի պատմաբան Սառա Բոնդը, որը չի մասնակցել պեղումներին, նշել է, որ նման նույնականացման համար միայն մետաղադրամները բավարար չեն. երկու ըմբիշների պատկերով մետաղադրամները լայնորեն տարածված էին Ասպենդոսում և օգտագործվում էին ողջ բնակչության կողմից։ Մարդու մարզական անցյալը հաստատելու համար անհրաժեշտ կլինեն աճյունների լրացուցիչ ուսումնասիրություններ։ Մասնավորապես, ըմբշամարտով զբաղվելու վկայություն կարող էին լինել բնորոշ վնասվածքները, օրինակ՝ քթի կոտրվածքն ու դրա հետագա ապաքինումը։
Ասպենդոսը ժամանակակից Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող խոշոր հունահռոմեական քաղաք էր։ Նրա պատմության մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ըմբշամարտը. քաղաքը հատում էր երկու ըմբիշների պատկերով արծաթե մետաղադրամներ։ Ավելի ուշ՝ մ.թ. II դարում, այստեղ կառուցվել է մոտ 8 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, որտեղ անցկացվում էին վազքի մրցումներ, նիզակի նետման մրցումներ և ըմբշամարտ։
Հայտնաբերված գերեզմանոցի պեղումները շարունակվում են։