
Դանիական Օրհուս քաղաքում անհայտ անձինք կտրել և գողացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կիսանդրու գլուխը, որը տեղադրվել էր տեղական Radio4 (RADIO IIII) ռադիոկայանի գովազդային արշավի շրջանակներում, հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը։
Գրեթե երկու մետր բարձրությամբ քանդակը տեղադրվել է քաղաքային այգում այս շաբաթվա սկզբին։ Տեղադրումից մոտ վեց ժամ անց կիսանդրին հայտնաբերվել է գլխատված. անհայտ անձինք կտրել էին գլուխը և գողացել այն։
Քանդակի մնացած մասը՝ պատվանդանի հետ միասին, ավելի ուշ գտել է Օրհուսի քաղաքապետարանի աշխատակիցը և հանձնվել ռադիոկայանին։
Radio4-ը հայտարարել է, որ փորձում են պարզել գլխի գտնվելու վայրը և խնդրել է ունկնդիրներին տրամադրել գողության մասին ցանկացած տեղեկատվություն։