Ըստ նոր լայնածավալ ուսումնասիրության՝ ամենաագրեսիվ վարելու ցուցանիշներով երկրների վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցրել են զբոսաշրջիկների շրջանում սիրված երկրները, հաղորդում է Euronews-ը։
Իտալիան զբոսաշրջիկների կողմից սիրված երկիր է իր մշակույթի ու արվեստի, պատմության, գեղատեսիլ տեսարանների և, ի վերջո, բարձրակարգ խոհանոցի համար։
Սակայն մեկ ցուցանիշով այն, կարծես, լրջորեն զիջում է՝ դա ճանապարհների վիճակն է և, հատկապես, վարորդների պահվածքը։
Վերջերս անցկացված լայնածավալ հարցման համաձայն՝ հենց Իտալիայում են վարորդներն իրենց ամենաագրեսիվ պահում․ հարցված ավտովարորդների 23%-ը հայտնել է, որ այստեղ բախվել է ճանապարհին անխոհեմ պահվածքի կամ վտանգավոր վարելու։
Կարող է ոչ այնքան ակնհայտ թվալ, բայց երկրորդ տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան, որը համարվում է աշխարհում ամենահարմարավետ ավտոմեքենաների երկիր։ Այնուամենայնիվ, այն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Discovercars.com ավտոմեքենաների վարձույթի հարթակի կազմած վարկանիշում․ վարորդների 11%-ը հայտնել է, որ այնտեղ բախվել է ճանապարհներին անթույլատրելի վարքագծի։ Մասնավորապես, Լոնդոնը դարձել է ամենաշատ հիշատակված քաղաքներից մեկը։
Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 9% ցուցանիշով, այնուհետև հաջորդում են Ֆրանսիան և Ավստրալիան, որոնք հավաքել են 5%-ական արդյունք։
Հինգերորդ հորիզոնականը կիսում են Իսպանիան և Թուրքիան․ հարցվածների 4%-ը հայտարարել է, որ հենց այս երկրներում է տուժել ճանապարհային երթևեկության մասնակիցների ագրեսիվ վարքագծից։
Ամենից հաճախ վարորդներին նյարդայնացնում է, երբ մյուսները չեն միացնում շրջադարձի ազդանշանը (56%)։
Խիստ նյարդայնացնում է նաև առջևից ընթացող մեքենային չափազանց մոտ վարելը (46%)՝ նույնիսկ ավելի, քան առաջանցման գոտում դանդաղ ընթացքը (43%) և կտրուկ արգելակումը (20%)։
Այս կամ այն երկրի բնակիչների քաղաքավարության մասին պատկերացումները տարբերվում են՝ կախված նրանից՝ նրանք ղեկին են, թե ոչ, թեև նկատվում են նաև ընդհանուր միտումներ։
Իտալիան ցածր արդյունքներ է ցույց տվել նաև մեկ այլ սոցիոլոգիական հետազոտությունում՝ հայտնվելով այն երկրների շարքում, որոնք ընդհանուր առմամբ ամենաքիչն են ասոցացվում քաղաքավարության հետ։ Այն զբաղեցրել է 24-րդ՝ նախավերջին տեղը այս դասակարգման մեջ, որը կազմվել է Remitly ֆինանսական ընկերության հարցման արդյունքներով։ Ավելի վատ արդյունք ունի միայն Ավստրիան։
Վարկանիշը վստահորեն գլխավորում է Ճապոնիան, որտեղ խոնարհումը մինչ օրս համարվում է հարգանքի դրսևորում։ Երկրորդ տեղում Կանադան է, երրորդում՝ Մեծ Բրիտանիան։