
Մայիսի 30-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղի հրապարակում հավաքված ոսկեպարցիներին ասաց, որ ամենակարեւոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաների համար կիսատ գործ չթողնեն։
Հայտնի է, որ սահմանազատման շարունակության դեպքում Ադրբեջանին կհանձնվեն ոչ միայն ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանական անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարի տարածքը, այլ նաեւ միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի շատ հատվածներ։ Դրանից հետո Տավուշի մարզկենտրոն Իջեւանի տրանսպորտային կապը Նոյեմբերյան համայնքի հետ կդժվարանա։ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ավտոճանապարհն է, որի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024 թվականին, ճանապարհի մնացած` ավելի մեծ հատվածը դեռ պետք է կառուցվի։ Հունիսի 22-ին այդ ճանապարհի շարունակության մասին հարցում եմ ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին: Հունիսի 29-ին ստացել եմ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստորագրությամբ պատասխան․
«Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 14 670 000 000 դրամ է»։
Ամեն փոքր գործից քարոզչական մեծ աղմուկ բարձրացնող իշխանությունը 67 կիլոմետր երկարությամբ` 14 միլիարդ 670 միլիոն դրամ արժեքով ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մասին հանրությանը չի տեղեկացրել, ծածուկ է պահել։ Դրա պատճառն այն է, որ հանրությունը, իմանալով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին այլընտրանք հանդիսացող Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման մասին, կհասկանա եւ կանհանգստանա, որ առաջիկայում սահմանազատման աշխատանքները շարունակվելու դեպքում Ադրբեջանին են հանձնվելու նախկինում ինչ-որ շրջան ադրբեջանական անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարը, նաեւ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներ, որոնք միշտ հայերն են շահագործել։
Հուլիսի 15-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին նոր հարցում եմ արել․ «Ենոքավան-Կարմիրգյուղ-հանրապետական նշանակության Մ16 ավտոճանապարհի ընդհանուր 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումը ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ե՞րբ է նախատեսված աշխատանքների ավարտը»։ ՏԿԵ նախարարությունից պատասխանել են․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300+կմ 71+800 հատվածը հիմնանորոգում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքները կտեւեն մոտ 3 տարի»։
Հայտնի չէ, թե 67 կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգման համար մրցույթ եղե՞լ է արդյոք, թե՞ առանց մրցույթի պայմանագիր է կնքվել այդ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի հետ։ Այդ կազմակերպության տեխնիկական, մարդուժի ռեսուրսները բավարա՞ր են լեռնային, դժվարին տեղանքով ավտոճանապարհի կառուցապատման համար, թե՞ այդ ճանապարհի շատ հատվածներ ենթակապալառու կազմակերպություններն են հիմնանորոգելու, ինչպես անում են սովորաբար։ Ի դեպ, այս ՍՊԸ-ն ստեղծվել է 2006 թվականին, հիմնադիրը եւ գլխավոր տնօրենը Արմեն Բադալյանն է, այն մեծ քանակությամբ աշխատանքներ է իրականացրել Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, Սյունիքում, Երեւանում, Սեւանի ափին: