Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վիճահարույց Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցն անվանել է «բացարձակապես անընդունելի», հայտնում է BBC News-ը։
Պուտինը հինգշաբթի այցելել է Իտուրուպ կղզի, որը Ճապոնիայում կոչում են Էտորոֆու։ Այն Կուրիլյան կղզաշղթայի չորս հարավային կղզիներից մեկն է, որոնց նկատմամբ հավակնություններ ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ճապոնիան։
Տակաիչին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի այցը «վատթարացրել է ճապոնացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»։ Նա նշել է, որ Տոկիոն այդ կղզիները համարում է «Ճապոնիայի բնիկ տարածք՝ պատմական տեսանկյունից և ըստ միջազգային իրավունքի»։
«Հուսով եմ՝ ռուսական կողմը ամբողջ լրջությամբ կվերաբերվի այդ հարցի կարևորությանը»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։
Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգին իր հերթին հայտարարել է, որ Տոկիոն վճռականորեն բողոքում է այցի դեմ՝ ընդգծելով, որ վիճահարույց կղզիները, ճապոնական կառավարության դիրքորոշմամբ, պատմականորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից Ճապոնիայի տարածքն են։