Ճապոնիայում ռեկորդային հորդառատ անձրևների հետևանքով կա զոհ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության

Հինգշաբթի Ճապոնիայի արևելքում տեղացած ռեկորդային հորդառատ անձրևները լայնածավալ ջրածածկումներ են առաջացրել ճանապարհներին և բնակելի տներում, տրանսպորտի տեղաշարժի խափանումներ և էլեկտրամատակարարման անջատումներ։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, հաղորդում է Associated Press-ը։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) Տոկիոյից ոչ հեռու գտնվող Չիբա պրեֆեկտուրայի 14 քաղաքապետարանների համար վտանգավոր հորդառատ անձրևների վերաբերյալ առավելագույն մակարդակի նախազգուշացում է հայտարարել։ Բնակիչներին զգուշացրել են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։

Հրշեջ ծառայության և տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ զոհվածը հայտնաբերվել է Իչիկավա քաղաքում։ Հարևան Կաշիվա քաղաքում փրկարարները ջրածածկված ավտոմեքենայից դուրս են բերել երկու մարդու։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Հեռուստատեսային կադրերում երևում էր, թե ինչպես Իչիկավա կայարանի մոտ մարդիկ քայլում էին մինչև ծնկները հասնող ջրի միջով։ Որոշ ջրածածկված ճանապարհներին ավտոմեքենաներ արգելափակված էին, իսկ մի շարք շրջաններում գնացքների երթևեկությունը դադարեցվել էր։

Չիբա քաղաքում և մի քանի հարևան բնակավայրերում մեկ ժամվա ընթացքում, ըստ ամենայնի, եղել են ավելի քան 100 մմ տեղումներ։ Մոտ 220 հազար բնակիչների խորհուրդ է տրվել պատսպարվել անվտանգ վայրերում։

JMA-ի ներկայացուցիչ Տակույա Հոսոմին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում գրանցվել են աննախադեպ ուժգնության տեղումներ։

Հորդառատ անձրևները տեղացել են Ճապոնիայի արևելքում ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ ավելի վաղ արևադարձային փոթորիկը հարվածել էր երկրի հյուսիս-արևելքին։ Տարերքի հետևանքով տուժել է առնվազն յոթ մարդ, տապալվել են ծառեր և տեղի են ունեցել էլեկտրամատակարարման զանգվածային անջատումներ։

TEPCO Power Grid-ի տվյալներով՝ այդ հորդառատ անձրևների հետևանքով առանց էլեկտրականության է մնացել մոտ 68 հազար տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *