ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ երկրները օգտագործում են երրորդ պետություններ՝ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը շրջանցելու համար, ինչի հետևանքով ԱՄՆ բյուջեն տարեկան թերանում է ստանալ 19 միլիարդից մինչև 26 միլիարդ դոլար, հաղորդում է Associated Press-ը։
Դրա մասին ասվում է Սպիտակ տան նոր զեկույցում։ Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվել Չինաստանին, որը, ինչպես պնդում են, 2018 թվականին ամերիկյան նոր մաքսատուրքերի սահմանումից հետո սկսել է ավելի ակտիվ ապրանքներ ուղարկել այլ երկրների միջոցով, ներառյալ՝ Մեքսիկա և Մալայզիա, որտեղ արտադրանքը ենթարկվել է փաթեթավորման կամ նվազագույն հավաքման։ Այդ սխեման, որը հայտնի է որպես տարանցում երրորդ երկրների միջոցով, հնարավորություն է տալիս փոխելու ապրանքների հայտարարված ծագումը և նվազեցնելու մաքսատուրքերի չափը։
Սպիտակ տան առևտրի հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն հայտարարել է, որ Չինաստանն օգտագործում է ավելի քան 40 երկիր՝ արտահանումը վերաուղղելու համար։ Ըստ նրա՝ խնդիրը միայն Պեկինի գործողություններում չէ, այլ նաև այն պետությունների, որոնք ընկերություններին թույլ են տալիս օգտագործել նման սխեմաներ՝ ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելու համար։
Զեկույցը պատրաստվել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի՝ սեպտեմբերին նախատեսված ԱՄՆ այցի շեմին։
Փաստաթղթում ներկայացված գնահատականներով՝ մաքսատուրքերը շրջանցելու համար երրորդ երկրներով անցնող ապրանքների տարեկան ծավալը կազմում է 34,2 միլիարդից մինչև 303 միլիարդ դոլար։ Բյուջետային կորուստները հաշվարկելու համար Թրամփի վարչակազմը օգտագործել է 75 միլիարդ դոլարի միջին գնահատականը։
Նավարոն հայտնել է, որ ԱՄՆ Մաքսային և սահմանային ծառայությունն արդեն փորձարկում է արհեստական բանականության վրա հիմնված համակարգ՝ նման սխեմաները բացահայտելու համար։ Եթե ներմուծողը մեղավոր ճանաչվի ապրանքի ծագման երկրի կեղծման մեջ, մաքսատուրքերը կարող են հետադարձ ուժով հաշվարկվել մոտ մեկ տարվա համար։
Թրամփի վարչակազմն ավելի վաղ բարձրացված մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ-ի առևտրային գործընկերների զգալի մասի նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք պետք է պաշտպանեն ամերիկացի արտադրողներին։ Միևնույն ժամանակ նոր մաքսատուրքերն ուժեղացրել են երկրի ներսում գնաճային ճնշումը։