Խորվաթիայում անտառային հրդեհը, որն ուժգնացել է քամու պոռթկումներից, ուրբաթ արագ մոտեցել է զբոսաշրջային Օմիշ քաղաքին՝ ստիպելով հարյուրավոր մարդկանց տարհանվել, անմիջական վտանգ է ստեղծվել բնակելի տների և ավտոմեքենաների համար, հաղորդել են տեղի լրատվամիջոցները։
Կրակը պատել է բնակավայրերն ու անտառային տարածքները՝ Օմիշում գիշերային երկինքը ներկելով մուգ կարմիր գույնով։ Այս գեղատեսիլ քաղաքը գտնվում է Խորվաթիայի հայտնի Դալմաթական ափին և բոլոր կողմերից շրջապատված է անտառներով ու ժայռոտ բլուրներով։
Տեղի N1 հեռուստաալիքի տվյալներով՝ բժշկական օգնություն է պահանջվել մոտ 19 տուժածի համար։
«Մենք չափազանց ծանր գիշեր ենք ունեցել, բարդ իրավիճակ է ստեղծվել Լոկվա-Ռոգոզնիցայից մինչև Օմիշ հատվածում», — տեղի լրատվամիջոցներին հայտնել է գլխավոր հրշեջ հրամանատար Սլավկո Տուցակովիչը։
Ամբողջ գիշեր կրակի դեմ պայքարել են 157 հրշեջ և 44 միավոր հատուկ տեխնիկա, շրջան են ուղարկվել լրացուցիչ ուժեր Խորվաթիայի մի քանի ժուպանիաներից (շրջաններից)։ Արտակարգ իրավիճակի պատճառով փակվել է հիմնական ափամերձ մայրուղու մի հատվածը։
Որպես ժամանակավոր տեղավորման կետ՝ քաղաքը բացել է մարզադահլիճը, որտեղ գիշերվա ընթացքում ապաստան է գտել մոտ 1 000 մարդ։ Հնարավոր ծովային տարհանման համար ափի մոտ է բերվել ռազմածովային ուժերի նավակ։
Անոմալ շոգն ու երաշտը, որոնք գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ, այս ամռանը ամբողջ Եվրոպայում բնական հրդեհների համար իդեալական պայմաններ են ստեղծել, հատկապես Ֆրանսիայում, Իսպանիայում և Հունաստանում։ Բալկանյան տարածաշրջանը նույնպես մի քանի հյուծիչ շոգի ալիք է ունեցել։