Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ օգոստոսի 14–ին, շարունակվում է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը։ Այսօր հարցաքննվել է գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։
Նա նշեց, որ դեպքի օրը 23.00-ից անձնակազմն արդեն քնած է եղել, շարժ չի նկատել։
«Երբ նկատել եմ, որ հանգում է վառարանը, դուրս եմ եկել, նախամուտքի մոտ, Լևոնին ասել եմ, որ վառարանը հանգել է, փայտ բերեք։ Որոշ ժամանակ հետո դուրս եմ եկել, գնացել եմ պահեստ, հետո մտել եմ ճաշարան։ Երբ հետ եմ եկել, տեսել եմ, որ փայտն արդեն դրված է վառարանի մեջ։ Հանգել էր կրակը, քանի որ թաց էր եղել փայտը։ Լևոնից ճշտել եմ՝ կա՞ մի բան, որ կարող ենք վառարանը կպցել, ասել է՝ չգիտեմ։ Գնացել եմ պահեստ, որ ինչ-որ վառելանյութ գտնեմ ու փայտը կպցնեմ։
Մտել եմ ճաշարան, Ռադիկին հարցրել եմ՝ ինչով կարող եմ կպցել, բենզին կամ դիզվառելիք որտեղի՞ց կարող եմ վերցնել։ Ռադիկ Մաթևոսյանը նշել է, որտեղ կա։ Մութ էր, հեռախոսի լույսով գնացել ու գտել եմ, տեսել եմ պլաստմասե և երկաթյա տարաներով դրված է։ Այդ ցրտին ու մթին հնարավոր չէր, վառելիքը երկաթյա տարներից մեկից քաշեմ ու հանեմ, տեսել եմ պլաստամսե տարաներից որի մեջ է քիչ, վերցրել ու մտել եմ ներս։ 5 լիտրանոց էր, կիսով չափ էր լիքը։ Այդ պահին հարմար այլ բան չկար, որ լցնեի մեջը։
Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել»,– պատմեց նա։
Եղիշե Հակոբյանը նշեց, որ սկբում փորձել են կրակը հանգցնել «բուշլատով», չի ստացվել, հետո երբ դրսից ձայներ է լսել, մտածել է, որ դրսից արդեն օգնում են և ինքը կրակի միջով անցնելով դուրս է եկել կացարանի նախամուտքի մոտ։
Նրա խոսքով, կրակը բռնկվելուց մինչև կացարանից իր դուրս գալը տևել է մոտ 8 րոպե։ Դիտարկմանը, որ 8 րոպեն բավական երկար ժամանակ է, ի՞նչ էր անում այդքան երկար կացարանում, Եղիշե Հակոբյանը պատասխանեց. «Ես մոտավոր 8 րոպե եմ նշել, բայց ես չեմ կարող կոնկրետ ժամանակահատված նշել, ես այդ վիճակում չեմ կարող այդ ժամանակը ֆիքսել։ Էդ ժամանակ ես վառվելուց եմ եղել, Լևոն Խառատյանը և Ռադիկը հանգցնելուց են եղել։ Հետո ես ներս եմ մտել զինանոց, փորձել եմ ինչ-որ մի բան գտնեմ, որ կարողանամ հանգցնեմ։ Ներս եմ մտել, տեսել եմ, որ Ռադիկ Մաթևոսյանը դուրս է գալիս։
Ես բաց կրակն եմ տեսել վառարանի սենյակում, ննջարանում ես կրակ ընդհանրապես չեմ նկատել։ Այդ ժամանակ մութ էր»։
Նա հավելեց, որ իր դուրս գալուց առաջ ննջասենյակի դուռը կիսաբաց է եղել և ինքը տեսել է, որ այնտեղ լույս չկա. «Ես ակնկալել եմ, որ պետք է անձնակազմից թեկուզ դուրս գան, ադյալները իրենց մոտ էին, գոնե ադյալներով օգնեն։ Հետո, որ դուրս են եկել, տեսել են, որ մնջանում ընդհանրապես կրակ չկա։ Դրսում տեսել եմ, որ Լևոն Խարատյանը ձյան մեջ պառկած էր, այրվածքներ ուներ։
Ես նկատել եմ, որ գոռում էին, ինչ–որ մեկը պատուհանները ջարդում էր, ինչ–որ մեկը կրակմարիչներից էր բերում։ Ես մեկը վերցրել եմ, ցանկացել եմ երկրորդ անգամ ներս մտնել, չեմ կարողացել։
Վաղինակն էլ երկաթը խողովակ է բերել, որով փորձել ենք ճաղավանդակի երկաթները ծռել։ Ժիրայրին եմ առաջինը նկատել, հետո Գարուշին են հանել։ Ժիրայրը, որ որ դուրս եկավ, ուսիս բռնեցինք, հանեցինք, որովհետև մենակ ես չեմ եղել, Վաղինակն էլ է եղել։ Հետո մոտիկացել ենք մի կողմ, Գարուշին էլ ենք հանել, իրենք կողանց են դուրս եկել։
Լուսամուտը մի քիչ բարձր է, ճաղերից բռնվելով բարձրացել եմ լուսամուտի վրա, որ ներս մտնեմ, մի հոգի ներսից մոտիկացել է, մայկից բռնել եմ, ուզեցել եմ քաշեմ, հանեմ, ընկել է, մայկեն ճղվել է, ձեռս էլ մնացել»։
Վերջում Եղիշե Հակոբյանը պնդեց. «Մեղավոր եմ ճանաչում, որ վառարանը վառել եմ չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Սակայն զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նրանց մահը, քանի որ դա ինձ համար նույնպես գաղտնիք է»:
Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: