Վերջին տարիների ընթացքում Գլենդելում հայ ոստիկանների թիվը զգալիորեն ավելացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի նորանշանակ ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամը՝ նշելով, որ եթե օրինակ 24 տարի առաջ քաղաքում ընդամենը 4-5 հայ ոստիկան կար, այսօր նրանց թիվը հասնում է 35-ի:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ուիլյամը Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից այդ պաշտոնում նշանակվել է 2026 թվականի հունիսի 23-ին՝ դառնալով քաղաքի պատմության առաջին հայ ոստիկանապետը:
ԱՄՆ-ի ամենամեծ հայաբնակ քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ ցանկացած քաղաքի ոստիկանության արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է բնակչության վստահությունը: «Քաղաքի ապահովությունը միայն ոստիկանության ձեռքում չէ, անչափ կարևոր է փոխադարձ վստահությունը: Երբ ժողովուրդը վստահում է իր ոստիկանությանը, դիմում է նրան: Ավելի քան 24 տարի է, ինչ ծառայում եմ համակարգում, և անկախ ամեն ինչից նկատել եմ, որ հայերը վստահում են ոստիկանությանը: Վերջին ամիսներին հատկապես նկատելի է, որ այդ կապն ավելի է ամրապնդվել. հայերն ավելի հաճախ են մոտենում քաղաքի ոստիկաններին, վստահում են մեր ոստիկաններին և ինձ»,- նշել է նա:
Դիտարկմանը, թե արդյոք անօրինական ներգաղթյալները հանցագործությունների ականատես կամ տուժող դառնալիս շտապում են դիմել ոստիկանություն, թե մտահոգություն ունեն, որ իրավապահները կարող են պարզել իրենց կարգավիճակն ու տեղեկացնել միգրացիոն ծառայություններին, Ռոբերտ Ուիլյամն ընդգծել է. «Ուզում եմ հստակ նշել, որ մենք միգրացիոն ծառայությունից անկախ մարմին ենք: Մեզ համար կապ չունի՝ քաղաքացին օրինական է բնակվում այստեղ, թե անօրինական. ոչ մի դեպքում մենք այդ հարցը չենք տալիս և չենք տեղեկացնելու Միգրացիոն ծառայությանը կամ այլ մարմինների: Մեր ամենակարևոր նպատակը քաղաքն ապահով պահելն է: Այն անձը, որը տուժել է հանցագործությունից կամ ականատես է եղել դրան, կարող է լիովին հանգիստ ու վստահ դիմել մեզ»:
Անդրադառնալով քաղաքի անվտանգությանը, մասնավորապես երթևեկության խնդիրներին՝ Գլենդելի ոստիկանապետը նկատել է, որ քաղաքում կարգազանց վարորդները քիչ չեն:
Նրա խոսքով՝ տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, ինչի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ցուցաբերել խստություն և կիրառել համարժեք տուգանքներ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: