Հինգ տարվա ընթացքում երրորդ երաշտը. Մեծ Բրիտանիան ֆերմերներին 65 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 65 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնեն ուժեղագույն երաշտից տուժած ֆերմերներին աջակցելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը, հաղորդում է The Guardian-ը։

Ըստ նրա, ֆերմերները չպետք է միայնակ կրեն կլիմայական ճգնաժամի հետևանքները։

Միջոցների մեծ մասը՝ 50 մլն ֆունտ, կուղղվի կայուն գյուղատնտեսության ծրագրի շրջանակում։

Այսպիսով, ծրագրի ընդհանուր բյուջեն կհասնի 290 մլն ֆունտի։

Լրացուցիչ ֆինանսավորումն առաջին հերթին կստանան այն շրջանները, որոնք առավելապես են տուժել երաշտից։

Եվս 15 մլն ֆունտ ստեռլինգ իշխանությունները կուղղեն ֆերմերային ջրամբարների կառուցմանը, որոնք հնարավորություն կտան ջրի պաշարներ ստեղծել ապագա երաշտային տարիների համար։ Միևնույն ժամանակ, գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները զգուշացրել են, որ հատկացված գումարը կբավականացնի միայն անհրաժեշտ օբյեկտների փոքր մասին։

Ֆերմերների համար նաև կհեշտացվի ջրի հասանելիությունը. իշխանությունները մտադիր են փոխել դրա վերցման թույլտվությունների տրամադրման կարգը և արագացնել համապատասխան լիցենզիաների ձևակերպումը։ Բացի այդ, այն տնտեսություններին, որոնք վճարումներ են ստանում իրենց հողերում բնական տարածքները պահպանելու համար, խոտի պակասի պայմաններում կթույլատրվի սովորականից շուտ սկսել դրանց հունձը կամ անասունների արածեցումը՝ առանց պետական վճարումները կորցնելու։

Երաշտն արդեն լրջորեն անդրադարձել է բրիտանական գյուղատնտեսության վրա։ Որոշ ֆերմերներ ստիպված են եղել բերքահավաքը սկսել ժամկետից շուտ, մինչդեռ մյուսները բախվել են բերքատվության նվազման և արտադրանքի որակի վատթարացման հետ։

«Սեփական պարեն արտադրելու կարողությունը ազգային անվտանգության հարց է, և ես հենց այդպես էլ կվերաբերվեմ դրան։ Այդ պատճառով մենք գործում ենք հիմա՝ ավելացնում ենք ֆերմերների աջակցությունը, օգնում ենք կառուցել ջրամբարներ և հեշտացնում ենք ջրի հասանելիությունը, երբ այն պակասում է», — հայտարարել է Բերնհեմը

Նա նշել է, որ ներկայիս երաշտը վերջին հինգ տարվա ընթացքում արդեն երրորդն է։

Կառավարությունը նաև հայտարարել է ջրամբարների կառուցման ինը նոր նախագծերի աջակցության մասին։ Ավելի վաղ պատգամավորները կոչ էին անում արագացնել նման օբյեկտների ստեղծումը. ներկայումս գոյություն ունեցող հինգ ջրամբարներում ջրի մակարդակը «բացառիկ ցածր» է։

Բերնհեմը նաև հայտարարել է կլիմայական փոփոխություններին ավելի ակտիվ արձագանքելու, մաքուր էներգետիկային անցումը արագացնելու և ծայրահեղ շոգից, անտառային հրդեհներից ու երաշտից տուժած բնակչության պետական աջակցության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին։

Միևնույն ժամանակ, Գյուղական հողերի և բիզնեսի ասոցիացիայի ղեկավար Գևին Լեյնը կառավարության միջոցները դրական, սակայն միայն ժամանակավոր լուծում է անվանել։ Ըստ նրա, ֆերմերային ջրամբարների կառուցման համար նախատեսված 15 մլն ֆունտը ծածկում է անհրաժեշտ ծախսերի միայն փոքր մասը, իսկ հիմնական ֆինանսական բեռը, ինչպես և նախկինում, կընկնի ֆերմերների վրա, որոնք արդեն բախվում են ծախսերի աճին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *