Հուսով եմ՝ առաջիկայում իրականություն կդառնա հայ-թուրքական սահմանի բացումն ու Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
ԱԺ նախագահն ասել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան արել են ամեն բան սահմանը բացելու համար։ «Որևէ վեճ չկա այդ հարցում, բացի այն, որ Ադրբեջանը, օգտագործելով լոբբիստական ազդեցությունը, խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ըստ հայկական «Ակօս»-ի՝ նշել է ՀՀ խորհրդարանի խոսնակը։
ԱԺ նախագահը հարցազրույց է տվել նաև թուրքական լրատվամիջոցներին ու այցը որակել որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ապացույց։
«Այս պահին մեր երկրների միջև հրատապ կարգավորման խնդիր չկա, ու մենք սպասում ենք հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը, որ ձգձգվել է բավական երկար ժամանակ»,- Սիմոնյանի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։