Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։
Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
Դալասենը պատմում է, որ անմիջապես նկատել է ինչ-որ անսովոր բան. «Շնաձկները մակերեսին էին։ Դրանք շատ շատ էին»։ Ավելի ուշ նա իմացել է, որ էքսկուրսիայի կազմակերպիչները կերակրում էին կենդանիներին, որպեսզի դրանք ավելի մոտենան զբոսաշրջիկներին։
«Երբ շնաձուկը կծեց ինձ, ցավը շատ ուժեղ էր։ Ես հանգստություն պահպանեցի, որովհետև հասկանում էի՝ կենդանու հետ պայքարել չի կարելի», — պատմել է նա։
Սոցիալական ցանցերում Դալասենի հրապարակած հարձակման տեսանյութը դիտել են տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Միևնույն ժամանակ կինը պնդում է, որ չէր փորձում գրավել լսարանի ուշադրությունը և չէր սադրել շնաձկանը։ Սակայն նա ընդունում է, որ չափազանց մոտ է գտնվել կենդանուն։
Մարդկանց վրա շնաձկների հարձակման դեպքերը չափազանց հազվադեպ են, սակայն գիտնականներն ավելի ու ավելի հաճախ ուշադրություն են հրավիրում մեկ այլ միտման վրա. սոցիալական ցանցերի օգտատերերը դիտավորյալ մոտենում են գիշատիչներին տպավորիչ կադրերի համար՝ դիպչում են նրանց, լողում կողքով և նույնիսկ փորձում բռնվել նրանց լողակներից։
«Ես ամեն շաբաթ նման տեսանյութեր եմ տեսնում, և դրանք ավելի շատացել են, քան նախկինում։ Շուտով մենք կտեսնենք մարդկանց, որոնք կհայտնվեն շնաձկների հետ իսկապես շատ լուրջ իրավիճակներում», — զգուշացնում է շնաձկների մասնագետ Քրիստիան Պարտոնը։
Վերջին մեկ տարում տեղի են ունեցել մի քանի նմանատիպ միջադեպեր։ Հուլիսին ձկնորս-բլոգերը քիչ էր մնում կորցներ ոտքը՝ ստորջրյա որսի ժամանակ ռիֆային շնաձկան հարձակումից հետո։ Դեկտեմբերին չինացի կոնտենտ ստեղծողին Մալդիվներում կծել էր շնաձուկը։ Երկու դեպքերն էլ նկարահանվել էին տեսախցիկով։
International Shark Attack File-ի հետազոտողները նույնպես BBC-ին հայտնել են, որ վերջին երեք տարիներին նկատել են դեպքերի թվի զգալի աճ, երբ մարդիկ կծվածքներ են ստանում՝ փորձելով շնաձկների հետ տեսանյութ նկարել։
Միևնույն ժամանակ ընդհանուր ռիսկը մնում է չափազանց ցածր։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում աշխարհում շնաձկների չսադրված հարձակումների թիվը մոտավորապես կայուն է մնացել՝ տարեկան շուրջ 70 կծվածք։
Խնդիրը, գիտնականների կարծիքով, ոչ այնքան շնաձկների ագրեսիվության աճն է, որքան մարդկանց վարքի փոփոխությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բլոգերներն ու լուսանկարիչները, որոնք մասնակցում են վայրի բնության դիտարկման տուրերի, ավելի հաճախ, քան մյուսները, անտեսում են անվտանգության հրահանգները։
Որոշ դեպքեր ողբերգական ավարտ են ունենում։ Անցյալ տարվա փետրվարին Կարիբյան ծովում մի զբոսաշրջիկուհի զրկվել էր երկու ձեռքից այն բանից հետո, երբ փորձել էր ծանծաղուտից լուսանկարել ցուլային շնաձկանը։ Երկու ամիս անց Իսրայելում մահացել էր սնարքելինգի սիրահար մի տղամարդ, որը, ինչպես հաղորդվում էր, փորձում էր շնաձկներին նկարել սելֆի-փայտիկի օգնությամբ։
Մասնագետներին առանձնապես մտահոգում է այն, որ սոցիալական ցանցերը կարող են անվտանգության կեղծ զգացողություն ստեղծել։ Հանրաճանաչ տեսանյութերում մարդը հանգիստ լողում է հսկայական շնաձկան կողքին կամ դիպչում նրան, և դիտողին կարող է թվալ, թե նման վարքագիծն անվնաս է։
«Մենք խոսում ենք իսկական գիշատչի, շատ խոշոր վայրի կենդանու մասին։ Չէ՞ որ դուք չեք մտնի Սերենգետի և չեք փորձի շոյել առյուծի դնչիկը», — նշում է Պարտոնը։
Ըստ նրա, շնաձուկը կարող է կծել մարդուն ոչ միայն հարձակվելու փորձի դեպքում, այլև որպես պաշտպանական կամ հետազոտական արձագանք, եթե մարդը ներխուժում է նրա անձնական տարածք։
Ընդ որում, տուժում են ոչ միայն մարդիկ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շնաձկներին մոտենալը և նրանց դիպչելը կենդանիների մոտ առաջացնում են սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացում։ Դա կարող է թուլացնել իմունային համակարգը, բարձրացնել մահացությունը և նույնիսկ հանգեցնել հղիության ընդհատման։
Շնաձկների մասին տեսանյութեր նկարահանող որոշ հայտնի բլոգերներ մերժում են նման քննադատությունը։ Օրինակ՝ ամերիկուհի Օուշեն Ռեմսին, որը հայտնի է դարձել մեծ սպիտակ շնաձկների հետ նկարահանումների շնորհիվ, պնդում է, որ իր նպատակը ոչ թե դիտումներ հավաքելն է, այլ կենդանիների պաշտպանությունն ու ուսումնասիրությունը։
«Իմ նպատակը երբեք դիտումներ հավաքելը չի եղել։ Ես ուզում եմ հասնել շնաձկների պաշտպանությանը», — ասում է նա։ Ռեմսին նաև պնդում է, որ սովորաբար շնաձկներին հետևում է հեռվից, իսկ կենդանիներն իրենք են ընտրում՝ մոտենա՞լ իրեն, թե՞ ոչ։
Սակայն ծովային կենսաբան Ջեք Կուպերը նման փաստարկներն անհիմն է համարում։
«Ես իսկապես չեմ կարող բացատրել, թե ինչ կերպ շնաձկան մոտենալը, նրան դիպչելը կամ նրա վրա նստելու փորձերը կարող են օգնել բնապահպանությանը», — հայտարարել է նա։
Գիտնականների կարծիքով, նման կադրերի հանրայնացումը կարող է ձևավորել վտանգավոր ուղերձ. եթե մեկ մարդ կարողացել է դիպչել շնաձկանը և անվնաս մնացել, ուրեմն դա անվտանգ է բոլորի համար։
Մինչդեռ շնաձկների հետ տուրերն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն են վայելում։ Միայն Մալդիվներում զբոսաշրջային ծառայություններն առաջարկում են ավելի քան 140 նման զվարճանք, և դրանցից որոշները բացահայտ գովազդում են շնաձկների հետ «կատարյալ սելֆի» անելու հնարավորությունը։