ԱՄԷ-ի, Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի հրաժարումը ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջարկած 15 կետից բաղկացած փաստաթուղթը, հայտնում է Al Jazeera-ն։
Ըստ նրանց, Իսրայելի դիրքորոշումն իրականում նշանակում է «Համապարփակ ծրագրից» հրաժարում, վտանգում է դրա իրականացումը և խաթարում արդար ու երկարատև խաղաղության հասնելու միջազգային ջանքերը։
Նախարարները հայտարարել են, որ այժմ հենց Իսրայելն է պատասխանատվություն կրում Գազայում և պաղեստինյան այլ օկուպացված տարածքներում խաղաղություն հաստատելու ջանքերը խոչընդոտելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ առաջարկված ճանապարհային քարտեզն ընդունվել էր պաղեստինյան խմբավորումների կողմից և դարձել էր միջնորդների երկարատև ջանքերի արդյունքը։
Ծրագիրը նախատեսում է զինված կազմավորումների միաժամանակյա զինաթափում և իսրայելական զորքերի դուրսբերում, Միջազգային կայունացման ուժերի տեղակայում, Գազայի կառավարումը սեկտորի կառավարման Ազգային կոմիտեին փոխանցում և դրա վերականգնման մեկնարկ։