Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շտապ բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով վերջին պահին կանխել կանադական ապրանքների նկատմամբ ամերիկյան նոր մաքսատուրքերի սահմանումը: Այս մասին, հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի աղբյուրին, հայտնում է AFP-ն:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, երբ երկու երկրների միջև բանակցություններն անցել են «ինտենսիվ և զգայուն» փուլի: Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, 50% չափով նոր սակագները ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի օրը:
Սահմանափակումները կազդեն մասնավորապես գինու, հոկեյի մահակների, ցեմենտի և մի շարք այլ ապրանքների վրա: Oxford Economics-ի գնահատմամբ՝ նոր միջոցները կհարվածեն դեպի ԱՄՆ կանադական արտահանման շուրջ 5,5%-ին (դա կազմում է մոտ 20 միլիարդ դոլար):
Սպիտակ տանը մաքսատուրքերի սահմանումը պատճառաբանում են նրանով, թե Կանադան իբր խտրական վերաբերմունք է ցուցաբերում ամերիկյան ալկոհոլային խմիչքների, ավտոմեքենաների և կաթնամթերքի նկատմամբ:
Կանադական պատվիրակությունը վերջին օրերին բանակցություններ է վարում Վաշինգտոնում՝ փորձելով ոչ միայն կանխել նոր մաքսատուրքերի ներդրումը, այլև հասնել ավտոմեքենաների, պողպատի, ալյումինի և փայտանյութի համար արդեն գործող ամերիկյան սակագների մեղմացմանը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Կանադան պատրաստ է գնալ մի շարք զիջումների: Մասնավորապես, երկրի իշխանությունները կարող են ճնշում գործադրել նահանգների վրա, որպեսզի վերջիններս ամերիկյան ալկոհոլն ու գինիները վերադարձնեն խանութների դարակաշարեր: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք կողմերին համաձայնագիր կնքել մինչև սահմանված ժամկետը:
Փորձագետները նշում են, որ նոր մաքսատուրքերի հետևանքները Կանադայի ընդհանուր տնտեսության համար կարող են համեմատաբար մեղմ լինել, սակայն դրանք ամենալուրջ հարվածը հասցնելու են կենտրոնական նահանգների արտադրական ոլորտին: Ռիսկի գոտում են գտնվում ցեմենտի, թղթի, փայտանյութի, հագուստի, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արտադրողները:
Նոր սակագները չեն տարածվի էներգակիրների, կալիումական պարարտանյութերի և այն ապրանքների վրա, որոնք արդեն հարկվում են առանձին ոլորտային մաքսատուրքերով: Միևնույն ժամանակ, դրանք կազդեն մի շարք ապրանքատեսակների վրա, որոնք ներառված են ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև ազատ առևտրի USMCA համաձայնագրում:
ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է «պատասխանատվության կանչել Կանադային» իր առևտրային քաղաքականության համար: Նա, մասնավորապես, կանադական նահանգներին մեղադրել է տեղական շուկա ամերիկյան ալկոհոլի մուտքը սահմանափակելու մեջ և ընդգծել, որ Կանադան միաժամանակ ընդլայնել է ԵՄ-ից կաթնամթերքի ներկրման հնարավորությունները:
Փորձագետները նաև չեն բացառում, որ առևտրային տարաձայնությունները կարող են կապված լինել ոչ միայն տնտեսության հետ: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ Թրամփի վարչակազմը կարող է քաղաքական ավելի լայն հարցերում (ներառյալ Կանադայի կողմից Եվրոպայի և Չինաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը) մաքսատուրքերն օգտագործել որպես Օտտավայի վրա ճնշում գործադրելու լծակ: