Ժամանակակից Լուքսորի դիմաց գտնվող հին եգիպտական դամբարանում հնագետները 16 մումիայի և մեկ զմրսված շան մնացորդներ են հայտնաբերել։ Դրանք հուղարկավորվել են մի քանի դարերի ընթացքում։
Frontiers in Environmental Archaeology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դամբարանը չի վերածվել մարմինների քաոսային կուտակման․ ամեն նոր հուղարկավորություն կատարվել է՝ հաշվի առնելով արդեն այնտեղ գտնվող աճյունների դիրքը՝ ձևավորելով յուրօրինակ «հուղարկավորման հիշողություն»։
Լա Լագունայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են Թեբեական դամբարանադաշտի TT 209 դամբարանի երրորդ խուցը։ Դամբարանն օգտագործվել է XXV դինաստիայի շրջանից (մ.թ.ա. մոտ 8-րդ դար) մինչև Պտղոմեոսյան դարաշրջան, որն ավարտվել է մ.թ.ա. 30 թվականին։

Խցում հնագետները հայտնաբերել են ինը թաղման համալիր։ Ընդհանուր առմամբ դրանցում գտնվել են 16 մումիացված մարդկանց աճյուններ, շան մումիա, ինչպես նաև խաթարված մի հուղարկավորություն, որը պարունակում էր առնվազն ևս չորս մարդու մնացորդներ։
Ամենավաղ հուղարկավորությունները համեմատաբար ընդարձակ են եղել․ մարմինները տեղադրվել են դագաղներում, ապահովվել թաղման ցանցերով ու հմայիլներով։ Կողքին դրվել են թանկարժեք իրեր, այդ թվում՝ բազմաթիվ փյունիկյան ամֆորաներ։ Հետազոտողների կարծիքով՝ առաջին հանգուցյալները պատկանել են հասարակության ապահովված խավերին։
Ավելի ուշ դամբարանի տարածքն սկսել են շատ ավելի խիտ օգտագործել։ XXV դինաստիայի վերջում և Պարսկական շրջանում մարմինները սկսել են տեղադրել փաստացի ցանկացած հասանելի տեղում։ Դրանցից մի քանիսն այլևս չէին տեղադրում դագաղներում, իսկ վերջույթները դնում էին այլ ձևով․ օրինակ՝ ձեռքերից մեկը կարող էր ծալված լինել, մինչդեռ ավելի վաղ հուղարկավորություններում ձեռքերը սովորաբար ուղիղ պարզված էին թողնում։
Աստիճանաբար ի հայտ է եկել նոր մոտեցում․ մարմինները սկսել են տեղադրել մեկը մյուսի վրա։ Աճյուններն ուղղահայաց կերպով տեղադրվել են խցի թաղումների մոտ երկու երրորդում։

Հատկապես արտասովոր է Պտղոմեոսյան դարաշրջանի հուղարկավորությունը։ Խցի հարավարևելյան հատվածում չորս մումիա դրված են եղել մեկը մյուսի վրա, իսկ մարդկային աճյունների ստորին հատվածի վրա դրված է եղել զմրսված շուն։
Հետազոտողները ենթադրում են, որ կենդանին կարող էր կապված լինել թաղված մարդկանց հետ։ Սակայն կա նաև այլ մեկնաբանություն․ շունը կարող էր հոգեուղեկցի խորհրդանշական դեր կատարել։ Դա մի էակ է, որն ուղեկցում է հանգուցյալին դեպի անդրշիրիմյան աշխարհ։
Ընդ որում, հնագետները չեն գտել որևէ նշան, թե ժամանակի ընթացքում թաղման ավանդույթները լիովին ավերվել են։ Ընդհակառակը, ավելի ուշ շրջանի հուղարկավորությունները դրսևորել են սեփական ծիսական տրամաբանությունը։ Օրինակ՝ որոշ հանգուցյալներ տեղադրվել են կրծքին խաչաձևված ձեռքերով՝ այսպես կոչված «օսիրիսյան դիրքով», որը նույնացնում է ննջեցյալին Օսիրիս աստծո հետ։
Հետազոտողները կարծում են, որ դամբարանն ավելի ճիշտ է ընկալել ոչ թե որպես աստիճանաբար անկանոնության մատնված վայր, այլ որպես անընդհատ վերափոխվող տարածք։ Նոր սերունդները վերադառնում էին այնտեղ, կատարում նոր թաղումներ և փոխում տարածքի կազմակերպումը, սակայն միշտ հաշվի էին առնում նախկինում թաղվածների առկայությունը։
Որոշ հուղարկավորությունների հստակ հաջորդականությունը պարզելն անհնար է․ դարերի ընթացքում խուցը բազմիցս ջրածածկվել է, հրդեհներ ապրել, իսկ մարդիկ կրկին մտել են այնտեղ ու տեղաշարժել ներսում գտնվող աղբն ու այլ առարկաները։
Այնուամենայնիվ, գիտնականները գտնում են, որ նման գտածոները թույլ են տալիս նորովի նայել հին եգիպտական դամբարաններին, որոնք նախկինում հնագետներին կարող էին թվալ պարզապես «թափթփված» կամ խաթարված։ Առերևույթ անկարգության հետևում կարող էին թաքնված լինել սոցիալական ու ծիսական բարդ կանոններ, որոնք որոշում էին ննջեցյալների և բուն թաղման տարածքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։