Lufthansa-ի A380 ինքնաթիռը Մյունխենում վայրէջք կատարելիս վնասել է թռիչքուղու լույսերը․ վնասվել են նաև անվադողերը

Lufthansa ավիաընկերության Airbus A380 ինքնաթիռը, որն իրականացնում էր Սան Ֆրանցիսկոյից Մյունխեն LH459 չվերթը, Մյունխենի օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է, հայտնում է RTL-ը։

Միջադեպի հետևանքով վնասվել են թռիչքուղու շեմային լույսերը, ինչպես նաև ինքնաթիռի անվադողերը: Բոլոր 351 ուղևորներն անվտանգ լքել են օդանավը:

Lufthansa-ում հաստատել են պատահարի փաստը՝ նշելով, որ թռիչքուղու շեմի հատվածում աէրոդրոմային լույսերի վնասում է տեղի ունեցել։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են։

RTL-ի տվյալներով՝ վայրէջքի պահին վնասվել են նաև A380-ի անվադողերը։ D-AIML գրանցման համարով ինքնաթիռը մոտ 13 տարեկան է և պատահարից հետո այլևս թռիչքներ չի իրականացրել։

Հետաքննությանը միացել է Գերմանիայի ավիացիոն պատահարների հետաքննության դաշնային բյուրոն (BFU): Քննիչները ժամանել են դեպքի վայր և առգրավել ինքնաթիռի ինքնագրիչները («սև արկղերը»):

Միջադեպը տեղի է ունեցել նույն թռիչքուղու վրա, որտեղ երկու օր առաջ Vietnam Airlines ավիաընկերության Boeing 787-9 ինքնաթիռի թռիչքը քիչ էր մնում ողբերգությամբ ավարտվեր: Օգոստոսի 15-ին ինքնաթիռը դուրս էր եկել չորսկիլոմետրանոց թռիչքուղու սահմաններից, սլացել խոտածածկույթի վրայով և կարողացել էր օդ բարձրանալ միայն օդանավակայանի տարածքի ավարտից անմիջապես առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *