Վարշավայի Վոլյա թաղամասի Գժիբովսկա և Ժելյազնա փողոցների խաչմերուկում գտնվող շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է չպայթած 22 միավոր ռազմամթերք, որոնք, ըստ նախնական տվյալների, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից են մնացել։ Այս մասին հայտնում է RMF 24-ը։
Վտանգավոր գտածոների պատճառով տարհանվել են մոտակա բնակելի շենքի և գրասենյակային կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները։
Դեպքի վայրում աշխատում են սակրավորները, իսկ ոստիկանությունը սահմանազատել ու հսկողության տակ է վերցրել հարակից տարածքը։
«Շինհրապարակում 22 չպայթած ռազմամթերք հայտնաբերելու վերաբերյալ ահազանգ ենք ստացել, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել տարհանել երկու շենքերը։ Այս պահին ապահովում ենք տարածքի անվտանգությունը, տեղում գործում է սակրավորական խումբը», — նշել է Վոլյայի ոստիկանության ներկայացուցիչ Մարտա Սուլովսկան։
Իրավիճակով պայմանավորված՝ տարածքում երթևեկության սահմանափակումներ են մտցվել։ Վարշավայի հասարակական տրանսպորտի վարչությունը փոխել է թիվ 106 և 157 ավտոբուսների երթուղիները՝ դրանք ուղղորդելով շրջանցիկ ճանապարհներով․
Դեպի Մարիենշտատ ընթացող Թիվ 106 ավտոբուսը շարժվում է Սոլիդարնոստի և Յան Պավել II պողոտաներով, հետադարձ է կատարում ՄԱԿ-ի հրապարակում, ապա Յան Պավել II պողոտայով ու Գժիբովսկա փողոցով շարունակում ճանապարհը։ Հակառակ ուղղությամբ ընթանում է Գժիբովսկա փողոցով, Յան Պավել II պողոտայով և Պրոստա փողոցով։
Թիվ 157 ավտոբուսի երթուղին երկու ուղղություններով էլ ժամանակավորապես անցնում է Ժելյազնա փողոցով, Սոլիդարնոստի, Յան Պավել II, ինչպես նաև Երուսաղեմի պողոտաներով։