Տոկաևը զրկել է Նազարբաևին արտաքին քաղաքականության հարցերով ժողովրդին դիմելու իրավունքից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չեղարկել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ամրագրված՝ ժողովրդին, պետական մարմիններին և պաշտոնատար անձանց արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերով ողջ կյանքի ընթացքում դիմելու իրավունքը։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են Ղազախստանի 2020–2030 թվականների արտաքին քաղաքականության հայեցակարգում, հաղորդում է Nur.kz.

Տոկաևի օգոստոսի 14-ի հրամանագիրը հրապարակվել է «Әділет» տեղեկատվաիրավական համակարգում և ուժի մեջ է մտել ստորագրման օրը։

Խոսքը հայեցակարգից այն դրույթի բացառման մասին է, ըստ որի Նազարբաևին, որպես առաջին նախագահի, «իր պատմական առաքելության ուժով» ցմահ պատկանում էր արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերով նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը։

Միաժամանակ փաստաթղթից հանվել է նաև «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասիի մասին» սահմանադրական օրենքի հիշատակումը։

Թարմացված հայեցակարգում ընդգծվում է, որ Ղազախստանը կշարունակի բազմավեկտոր, պրագմատիկ և պրոակտիվ արտաքին քաղաքականությունը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով երկրի ազգային շահերի, անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը։

Առաջնահերթությունների թվում նշվում են նաև արտերկրում Ղազախստանի քաղաքացիների շահերի պաշտպանությունը, երկրի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին համաշխարհային հանրությանը տեղեկացնելը և արտաքին բացասական ազդեցության նկատմամբ հասարակության դիմակայունության բարձրացումը։

Փոփոխությունները վերաբերել են նաև Կուրուլթայի և խորհրդարանի դերին արտաքին քաղաքական կուրսի իրականացման հարցում վերաբերող դրույթներին։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել օգոստոսի 14-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *