«Արտ լանչ»-ում տոտալ ստուգումներ են․ որն է պատճառը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օրերս հաղորդագրություն էր տարածել, թե ստուգումներ են իրականացվում «Արտ լանչ» հանրային սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում։ «Երկու օբյեկտներում խախտումներ էին արձանագրվել։ Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում՝ «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնում գործող «Արտ լանչ»-ում, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ և սննդամթերքի անվտանգության մի շարք խախտումներ»։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ մասնավորապես, պահեստային հատվածում միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման տարածքը պատշաճ կերպով առանձնացված չի եղել, լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածք չի եղել, հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահպանվել նորոգ ու մաքուր վիճակում։ Խախտումներ են արձանագրվել նաև պատերի, խողովակների և առաստաղի վիճակում։ Որոշ հատվածներում չի ապահովվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը։ Խոհանոցի՝ անմիջապես դեպի դուրս բացվող դուռը նույնպես միջատապաշտպան ցանցով ապահովված չի եղել։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ խախտումներ են հայտնաբերվել նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության կենտրոնական խոհանոցում։ Այստեղ կասեցվել է «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը՝ վտանգավոր սննդամթերքի թողարկման պատճառով։ Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

«Արտ լանչ»-ն այս իշխանությունների սիրելի կազմակերպություններից է, այս ընկերությունը բազմաթիվ տենդերներ է շահել եւ երկար ժամանակ բանակի ու կալանավայրերի սննդի մատակարարումն էր իրականացնում, իսկ նրա հիմնադիրը՝ Բակուր Մելքոնյանը շատ զգույշ եւ իշխանամետ հայացքներ ունի, նա բազմաթիվ այլ նախագծեր է իրականացնում, իսկ իշխանամետ լինելը պարտադիր պայման է դրա համար։

«Արտ լանչ»-ի հիմնադիր, ղեկավար Բակուր Մելքոնյանից հետաքրքրվեցինք` ի՞նչն էր այս համատարած ստուգումների պատճառը, հնարավո՞ր է քաղաքական պատճառներով է ՍԱՏՄ-ն որոշել ստուգումներ իրականացնել իրենց բոլոր մասնաճյուղերում. «Աշխատանքներ են տարվում, բնականաբար թերություններ են հայտնաբերվել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խախտումներ են հայտնաբերվել, դրանով մեր սննդի անվտանգությունն է զբաղվում: Կասեցված մասնաճյուղերը վերանորոգվում են, իսկ մնացածը` նորմալ աշխատում է: Ինչ վերաբերում է ստուգումների պատճառին, ապա այն տարեկան, հերթական ստուգումն է եղել, ի դեպ` հենց տարեկան ստուգումների դեպքում են բոլոր մասնաճյուղերը ստուգում, հակառակ պարագայում մի կետ կմտնեին»:

Հարցին` իսկ եթե ամեն տարի տոտալ ստուգումներ են արվում, ապա ինչո՞ւ նախորդ տարիներին այդ առիթով չկար նման աղմուկ, իսկ ՍԱՏՄ-ն հաղորդագրություններ չէր տարածում, մեր զրուցակիցն ասաց. «Դե հենց «Արտ լանչը» հայտնի է դառնում, սկսում են տարածել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *