Հութիները հայտարարել են, որ հուլիսի 20-ից ի վեր հետ են դարձրել սաուդյան 48 նավթատար նավ և հարձակվել ևս ութի վրա

Հուլիսի 20-ից ի վեր Եմենի հութիները չեն թույլատրել սաուդյան 48 նավթատար նավերի ընթացքը՝ ստիպելով դրանց հետ դառնալ, ինչպես նաև հարձակվել են ևս ութ նավի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին, փոխանցում է Al Jazeera-ն։

Նրա խոսքով՝ թիրախավորված նավերից հինգը գտնվել են Կարմիր ծովում, իսկ երեքը՝ Ադենի ծոցում և Արաբական ծովում։ Հուսիթների հայտարարության համաձայն՝ ընթացքն արգելափակված 48 նավերից 34-ը եղել են Արաբական ծովում ու Հնդկական օվկիանոսում, իսկ 14-ը՝ Կարմիր ծովում։

Սարին նշել է, որ հուլիսի 20-ին սաուդյան նավագնացության արգելք սահմանելուց ի վեր իրենք առաջնորդվում են երեք հիմնական սկզբունքով՝ շրջափակման դիմաց շրջափակում, Սաուդյան Արաբիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ և Եմենի ինքնիշխանության պաշտպանություն։

Նա հավելել է, որ հութիները նաև ինը ռազմական գործողություն են իրականացրել Յանբուի, Նաջրանի, Ջիզանի և Աբհայի թիրախների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգի նավթային օբյեկտների ուղղությամբ։

Սարիի փոխանցմամբ՝ ևս 14 գործողություն ուղղված է եղել սաուդյան ռազմական օբյեկտների և Ալ-Ռուվայքի, Ալ-Աբրի, Ալ-Վադիայի, Մարիբի և Ալ-Մոխայի շրջաններում տեղկայված զորամիավորումների դեմ։

Հութիների ներկայացուցիչն իրավիճակի հետագա սրման հետևանքների մասին նախազգուշացրել է Էր Ռիյադին․ «Ցանկացած համապարփակ էսկալացիայի պատասխանը լինելու է համապարփակ էսկալացիան»,- հայտարարել է նա։

Սարին նաև թվարկել է այն պայմանները, որոնք պետք է կատարի Սաուդյան Արաբիան՝ վերացնել շրջափակումը, դադարեցնել ագրեսիան, վճարել աշխատավարձերը, դուրս բերել օտարերկրյա ուժերը և Եմենի ռեսուրսները թողնել եմենցի ժողովրդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *