Թրամփը պատրաստ է «հարմար պահի» հանդիպել Կիմ Չեն Ընի հետ․ Սպիտակ տուն

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է «հարմար պահի» հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, իսկ պաշտոնական նախապատրաստությունները դեռ չեն մեկնարկել, հայտնում է NBC News-ը։

Ակնկալվում է, որ Թրամփն աշնանը կայցելի Ասիա և կմասնակցի մի շարք գագաթնաժողովների, այդ թվում՝ նոյեմբերին Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) միջոցառումներին։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է կայանալ այդ այցի շրջանակում։ Լրատվամիջոցները, հղում անելով The Wall Street Journal-ին, հայտնում են, որ Թրամփն արդեն քննարկել է խորհրդականների հետ նոյեմբերին հյուսիսկորեացի առաջնորդի հետ հանդիպելու հնարավորությունը։

Թրամփը նախկինում բազմիցս խոսել է Կիմի հետ նորից հանդիպելու ցանկության մասին։ Վերջին անգամ ղեկավարները հանդիպել էին 2019 թվականին՝ երկու Կորեաների սահմանին գտնվող ապառազմականացված գոտում։

Այս շաբաթ Թրամփը կարգադրել է կրճատել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմավարժությունների տևողությունն ու ծավալը։ Վաշինգտոնն ու Սեուլը համաձայնել են ամենամյա մանևրները 11 օրից հասցնել հինգի և կրճատել դաշտային վարժանքների ծավալը։ Թրամփը, ի թիվս այլնի, վկայակոչել է Կիմ Չեն Ընի հետ իր լավ հարաբերությունները։

Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտարարել է, որ Փհենյանը զորավարժությունների կրճատումը էական չի համարում և ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ մանևրները նախկինի պես դիտարկում է որպես սադրանք։ Այնուամենայնիվ, նա դրական է արտահայտվել Թրամփի և Կիմի հարաբերությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *