Բանակում կարգապահական խնդիրներ լուծելու և արատավոր բարքեր թույլ չտալու համար պետք են որոշակի համալիր փոփոխություններ. սրա շրջանակներում դիտարկել միայն հանկարծակի այցերը, բնականաբար դրանք մեծ խնդիրների պարագայում որևէ հարց չեն լուծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առհասարակ հանկարծակի ստուգումները, պլանային ստուգումները մարտական պատրաստության պլանում նախատեսված միջոցառումներ են, որոնք պետք է անընդհատ իրականացվեն։ Չեմ կարծում՝ ՊՆ նախարարի կամ ԳՇ պետի հանկարծակի այցը համարվում է իրադրության հանգուցալուծմանն ուղղված շատ կարևոր քայլ։ Շատ ավելի վատ է, եթե ՊՆ նախարարն այս տարիների ընթացքում նոր առաջին անգամ սկսել է հանկարծակի այցերով զորամասեր գնալ, որովհետև սա բնականոն ծառայության ապահովման առօրյա միջոցառում է»,- նշել է Աբրահամյանը։
Անդրադառնալով բանակում վերջին կադրային փոփոխություններին՝ Աբրահամյանն ընդգծել է, որ իշխանությունն այստեղ պարզապես իր յուրայիններին տեղավորելու խնդիր է լուծում. «Մի կողմից տեսնում ենք իշխանության մտահոգությունները, մյուս կողմից էլ արվում են հայտարարություններ, կադրային փոփոխություններ, որոնք ցույց են տալիս իշխանությունն այս խնդիրները լուծելու որևէ լրջություն չի դրսևորում, որովհետև կադրային փոփոխությունները սկսած Ռազմական ոստիկանության պետի փոփոխությունից, ցույց են տալիս, որ իշխանությունն այստեղ պարզապես իր յուրայիններին տեղավորելու խնդիր է լուծում, այսինքն՝ եթե դիտարկում ես մարդու, որը պետք է խնդիրներ լուծի, ռազմական ոստիկանությունը բավականին մեծ գործառույթներ ունի, ապա այնտեղ պետք է նշանակվեն մարդիկ, ովքեր տիրապետում են բանականային առօրյային, ճիշտ պատկերացումներ ունեն զինծառայողների փոխհարաբերությունների վերաբերյալ։ Բանակը փորձադաշտ չէ, որ կարողանաս տարբեր համակարգերի մարդկանց բերել և փորձել դրանով որևէ խնդիր լուծել։
8 տարի է՝ իշխանության են, բացի այն հանգամանքից թե պաշտպանական առումով ինչ հսկայական վնասներ են բերել Հայաստանին, իրենց քաղաքականության հետևանքով որ Հայաստանի մեծ թվով տարածքներ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել Զինված ուժերում զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների հաստատման և հնարավորինս բարոյահոգեբանական իրավիճակի բարելավման համար»։
Հարցին, թե ինչո՞ւ է ՊՆ-ն վերջին օրերին ակտիվ տեսանյութեր հրապարակում այցերից, Աբրահամյանն ասաց. «Հասարակությանը փորձում են ցույց տալ, որ իրենք աշխատում են, բայց հասարակության սպասելիքը PR տեսանյութերը չեն, այլ դրանք կապված են վիճակագրության հեը, երբ մարդիկ տեսնում են մեկը մեկին հաջորդող տեսանյութեր, դեռ չեմ խոսում այն միջադեպերի մասին, որոնց անունը Պաշտպանության նախարարությունը դրել է ծառայության հետ չառընչվող ու որևէ իրազեկում չեն էլ անում։ Ինքնասպանության դեպքերը շատ ավելին են, քան պաշտոնապես ասվում են»։