ՌԴ կառավարությունում վառելիքի հետ կապված իրավիճակի բարելավում են ակնկալում՝ ՆՎԳ-ների վերանորոգման ավարտից հետո

Ռուսաստանի կառավարությունում ակնկալում են, որ վառելիքի հետ կապված իրավիճակը էապես կբարելավվի մի շարք նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում մի շարք նավթավերամշակման գործարաններ դուրս կգան վերանորոգումից, և իրավիճակը զգալիորեն կբարելավվի»,- ասել է նա։

Ավելի վերջերս Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը հաստատել էր ռուսաստանյան ավտոլիցքավորման կայաններում (ԱԼԿ) հերթերի առկայությունը և նշել, որ գերատեսչությունն աշխատում է վառելիքի մատակարարման ընդհատումների վերացման ուղղությամբ։

Բենզինի ապահովման հետ կապված խնդիրները Ռուսաստանում ի հայտ են եկել այս ամռանը։ Իշխանություններն արդեն մի շարք միջոցներ են ձեռնարկել շուկայի կայունացման համար, այդ թվում՝ վառելիքի արտահանման արգելքը, ներմուծման համար հարկային խթանները և երկրի Ներսում արտադրության ծավալների ավելացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *