Լեհական Զամբրուվ քաղաքում մայթին ընկած Ուկրաինայի 39-ամյա քաղաքացին հարձակվել է իրեն օգնության հասած ոստիկանների վրա։ Կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և ձերբակալման ընթացքում ատամներով կծել է ոստիկաններից մեկին։ Տուժածին տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, հայտնում է Polsat News-ը։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ քաղաքի թաղամասերից մեկում։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել մայթին ընկած կնոջ մասին, որը չի արձագանքել կոնտակտ հաստատելու փորձերին։ Ժամանած ոստիկանները պարզել են, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել։
39-ամյա կինը վիրավորանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, ապա սկսել է ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները արձանագրել են, որ նա հոսպիտալացման կարիք չունի։ Ոստիկանները որոշել են նրան տեղափոխել ձերբակալվածների պահման վայր՝ սթափվելու համար։
Ձեռնաշղթաներ հագցնելու փորձի ժամանակ կինը դիմադրություն է ցույց տվել։ Երբ ոստիկանության աշխատակիցները նրան նստեցրել են ավտոմեքենան, նա կծել է նրանցից մեկին։ Տուժածին բժշկական օգնություն է պահանջվել, և նրան տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց։
Սթափվելուց հետո կնոջը մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկաններին վիրավորելու և ոստիկանի ֆիզիկական անձեռնմխելիությունը խախտելու (մարմնական վնասվածք հասցնելու) համար։ Այս հանցագործությունները նախատեսում են մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում կիրառել։
Ոստիկանությունը նաև սկսել է կնոջը Լեհաստանից արտաքսելու ընթացակարգ։ Նրան հանձնել են Բելոստոկի Սահմանապահ ծառայության ստորաբաժանմանը։ Ուկրաինայի քաղաքացու վերաբերյալ արդեն ծագման երկիր վերադարձնելու որոշում է կայացվել, ինչպես նաև 5 տարի ժամկետով արգելվել է նրա մուտքը Լեհաստան։