«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հնարավոր շարունակությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք դեպքերով, որոնց հետևանքով մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, կողմերի միջև հնարավոր հաշվեհարդարի վտանգը դեռևս չեզոքացված չէ։

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների գործով, որի հետևանքով մեկ անձ սպանվեց, միջադեպի մասնակիցներից և դրա հետ առնչվող անձանցից շատերը գրեթե տանից դուրս չեն գալիս՝ մտավախություն ունենալով, որ իրենց նկատմամբ կարող է հաշվեհարդար իրականացվել։ Իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում այն հանգամանքը, որ, մեր տեղեկություններով, ինքնաձիգից կրակած անձը մինչ օրս հայտնաբերված չէ։

Այս համատեքստում, թերևս, պատահական չէ նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ օրեր առաջ տված հանձնարարականը։

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարարը ոստիկանության ղեկավարությանը հանձնարարել է ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները՝ հետագա հանցավոր դրսևորումները կանխելու և բացառելու նպատակով։

Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ Արփինե Սարգսյանը, այդուհանդերձ, մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։

Փաստացի, իրավապահ համակարգը փորձում է կանխարգելիչ քայլերով թույլ չտալ, որ արդեն տեղի ունեցած արյունալի միջադեպերը նոր հաշվեհարդարների ու փոխադարձ վրեժխնդրության շղթայի վերածվեն։

Թե որքանով նախարարի խիստ հանձնարարականներն ու ոստիկանության կանխարգելիչ աշխատանքները կկարողանան զսպել իրավիճակը և կանխել հնարավոր վենդետաները, ցույց կտա ժամանակը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *