Ի՞նչ իրավունքով ու տրամաբանությամբ եք կանգնում ու ամենաբարձր պետական մակարդակով ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անուններով․ Քրիստինե Վարդանյան

Մի տեսակ խզում կա հայկական իրականության և ԱԺ քննարկումների միջև, ես իրականում այս ելույթով այդ խզմանն եմ ուզում անդրադառնալ ու հնարավորինս վերացնել այդ խզումը՝ ամենևին առանց նսեմացնելու այս քննարկման կարևորությունը․ ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Երեկ ՀՀ ղեկավարը հայտարարել է, որ ՀՀ տարածքը, որտեղ մի ամիս առաջ անցկացվել է ընտրություն, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն անընդհատ այստեղ ՔՊ-ականները վկայակոչում են, պատկանում է Հայաստանին, հայտարարել է ադրբեջանական անվանումով։ Խոշոր հաշվով հայտարարել է, որ Ադրբեջանին է պատկանում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ միացնելով Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ելույթից մի հատված, որտեղ Փաշինյանն ասում է․ «Շատ է խոսվում անկլավների մասին։ Մենք մինչև այս պահը որքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել։ Հիշո՞ւմ եք, մի քանի անգամ՝ կա՛մ ձեզ հետ այս ֆորմատով, կա՛մ այլ տեղերում ասել եմ՝ քարտեզը գծագիր է՝ ոնց ուզես գծես, պետք է իրավական հիմքը նայես։ Մենք այս մի տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ այդ իրավական հիմքը չենք գտնում»։ 

«Նիկոլ Փաշինյանի այս ելույթը կարելի էր վերնագրել «Հետ բերեք հին Նիկոլին»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով․ «Եվ հիմա հարց է առաջանում՝ ուսումնասիրությունները շարունակել եք, իրավական հիմքե՞ր եք գտել, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով, ի՞նչ տրամաբանությամբ եք դուք կանգնում ամենաբարձր պետական ամբիոններից, ամենաբարձր պետական մակարդակով ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անուններով»։  

«Եթե ձեր տրամաբանությունն այն է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի ժամանակ ապրել են այլազգիներ, դա պատկանում է այդ պետությանը, Հայաստանի տարբեր տեղերում ապրել են ու ապրում են տարբեր այլազգիներ, ի՞նչ է, մենք ունենք իրանական, ռուսական, թուրքական, ադրբեջանական տարածքնե՞ր։  Երբ մենք ձեզ ասում ենք, որ Սահմանադրությունը չի կոնֆլիկտածին, ՔՊ-ն է կոնֆլիկտածին, սա նկատի ունենք։ Ի՞նչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա փաստացի ունեմ այլ երկրի տարածք, դա եթե պատերազմի հրավեր չէ, բա ի՞նչ է»,- ասաց պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *