«Հրապարակ»․ Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս անգամ «կողմ» կքվեարկի Լիանա Մանուկյանի թեկնածությանը, որն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նախօրեին, հիշեցնենք, խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արգելափակել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության կողմից առաջադրված բոլոր երեք թեկնածուների ընտրությունը` չքվեարկելով նրանց օգտին։ Հաջորդ օրը «ուժեղները» որոշեցին նոր թեկնածուներ առաջադրել եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեցին Լիանա Մանուկյանի թեկնածությունը: Իսկ խմբակցությունը որոշեց «բարդացնել» խորհրդարանական մեծամասնության կյանքը, եւ Ազգային ժողովի ամբիոնից երկար ելույթներ ունենալու, հարցեր հնչեցնելու համար յուրաքանչյուր գրանցման ժամանակ քվեարկում էին ամբողջ կազմով, ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը հայտարարեց` որոշել եք մինչեւ հոկտեմբեր մեզ պահել ԱԺ դահլիճո՞ւմ։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի 41 մանդատ եւ միայն իր ուժերով չի կարող օրենքով իրենց հասանելիք պաշտոնների քվեարկությունն անցկացնել, գոնե մի 12-15 ձայն պետք է ՔՊ-ից, որ քվեարկությունը վավեր լինի, իսկ ՔՊ-ն որոշել էր «Ուժեղ Հայաստանի»` հանձնաժողովների նախագահների թեկնածուներին մերժել, իսկ «Հայաստան» դաշինքի թեկնածուին կողմ քվեարկել։

Այն, որ «Ուժեղ Հայաստանը» հինգշաբթի օրը նոր թեկնածուներ սկսեց առաջադրել եւ նախորդ անգամ առաջադրված ու ՔՊ-ից մերժված իր թեկնածուներին այլեւս չառաջադրեց, որոշ շրջանակների մոտ քննադատության առիթ է դարձել: Ընդդիմադիր մի շրջանակ գրում է, որ, օրինակ, նախորդ գումարման ԱԺ-ում «Հայաստան» դաշինքը 10-ից ավելի անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը` պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, սակայն Ղազինյանին ՔՊ-ականները համառորեն դեմ էին քվեարկում, իսկ «Հայաստան» դաշինքը թեկնածուին չէր փոխում:

Ոստիկանության գեներալ-մայոր, նախկին պատգամավոր Գագիկ Համբարձումյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Իրավիճակն այնպիսին է, որ բարդ է միանշանակ գնահատական տալը: Կարծում եմ, որ ճիշտ են վարվում ե՛ւ «Ուժեղ Հայաստան»-ը, ե՛ւ այն շրջանակը, որը քննադատում է նրանց վճռական չլինելու մեջ: ՔՊ-ականներին պետք է դնեին անհարմար վիճակի մեջ, բայց, հավանաբար, ինչ-որ մի այլ հաշվարկ ունեն նրանք, որի մասին մենք տեղյակ չենք: Չեմ կարծում, որ նրանք այդքան բանը չհասկանային: Ես առհասարակ կարծում եմ, որ նոր ԱԺ-ի իշխանական կազմը շատ ավելի այլանդակ կազմ է, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ իրենք նոր պրոֆեսիոնալ, բոյեւոյ կազմ են ստեղծել: Տա Աստված, որ ինչ-որ բանի հասնեն: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական գործընթացներ չկան, իսկ քաղաքական պայքարը սուտ է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *