Թրամփը Հորմուզի նեղուցն «ԱՄՆ տարածք» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը համարում է «ԱՄՆ տարածք»՝ Իրանի նավագնացության և նավահանգիստների նկատմամբ շարունակվող ամերիկյան շրջափակման ֆոնին։

«Մենք նույնիսկ չգիտենք՝ հաղթե՞լ ենք, թե՞ ոչ, որովհետև հիմա ես Հորմուզի նեղուցը դիտարկում եմ որպես ԱՄՆ տարածք», — ասել է Թրամփը Հարավային Կարոլինայում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ քարոզում էր Սենատի թեկնածու Դարլին Գրեմի օգտին։

Ավելի ուշ նախագահը կատակել է Իրանի դեմ հարվածների հնարավոր շարունակության մասին։

«Այսօր ուրբաթ է։ Մենք շատ ժամանակ ունենք», — ասել է Թրամփը, ապա մեջբերել The Snake բանաստեղծությունը, որը նա պարբերաբար օգտագործում է նախընտրական միջոցառումների ժամանակ։ «Էլ ի՞նչ անեմ, գրողը տանի։ Նորից մի քիչ չռմբակոծե՞մ Իրանը», — հավելել է նա։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով, մինչև ուրբաթ ամերիկացի զինվորականները վերահասցեավորել էին 68 առևտրային նավ՝ ստիպելով նրանց պահպանել շրջափակման պայմանները։

ԱՄՆ-ն և Իրանն առայժմ չեն կարողացել պայմանավորվել հակամարտության դադարեցման շուրջ, որը մոտենում է վեցամսյա սահմանագծին։ Թրամփի վարչակազմը ձգտում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա՝ սահմանափակելով նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը իրանական նավթի արտահանման առանցքային ուղի է։

Իրանի և Օմանի միջև գտնվող նեղուցով սովորական պայմաններում անցնում է համաշխարհային ծովային նավթամատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Թրամփն առաջին անգամ անցյալ շաբաթ սպառնացել էր հայտարարել Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ փաստացի արդեն վերահսկում է ջրային ուղին՝ սահմանված շրջափակման շնորհիվ։

«Ըստ էության, հենց այդպես էլ կա։ Մենք շրջափակում ունենք։ Ոչ մի նավ չի անցնում, եթե մենք դա չենք ուզում», — ասել է նախագահը։

Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս նեղուցը պաշտոնապես ամերիկյան տարածք հայտարարելու գաղափարը, ինչպես նաև սոցցանցում հրապարակել էր քարտեզ, որտեղ Հորմուզի նեղուցը նշված էր որպես «ԱՄՆ նոր տարածք»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին դատապարտել է Թրամփի հայտարարությունները՝ դրանք անվանելով «զառանցանք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *