Քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», սա շրջադարձային եղավ ՀՀ-ի համար. Փաշինյան

Ես չեմ մոռացել, քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝. «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական, ըստ էության, բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։

Եվ ի վերջո մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականություն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը, Հայաստանի պետականության հարատևության համար, բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվենք մենք այդ հնարավորությունից, թե ոչ, ուրիշ հարց է։

Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է Հայաստան փնտրենք, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք, երկու հիմնական ռացիոնալ պատճառով:

«Առաջինը, երբ Հայաստանից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից և ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը և պարտավորությունը, և երկրորդ, ոչ պակաս կարևոր պատճառը, երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում։  Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք «մեկն ընդդեմ չորսի» կարգավիճակում։

Ու երբ հայտնվում ենք մեկը ընդդեմ չորսի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության, իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է, ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետության ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում, և չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար։

Այս սոցիալ հոգեբանության շաղվիղներում պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության, ինքն էլ չհասկանալով, թե ինչու  է դա մեզ հետ տեղի ունենում։ Եվ «Արցախը, Հայաստանը և վերջը» ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության և իրականության կուլիսներ և տեսնենք, թե ինչ է կատարվում, որ լսենք ի վերջո պատմական Հայաստանի ուղերձը, որը մեզ ասում է՝ «Մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք հերթական պատմական Հայաստանը», որ լսենք մեր պատմության ուղերձները, որը մեզ ասում է՝ «մի կրկնեք ինձ և «Արցախը Հայաստան է և վերջը» այն շրջադարձային կետն է, որը պիտի հանգեցներ մեր պատմության ընթացքի փոփոխությանը և մենք պատմության փակուղուց պիտի դուրս գայինք ու հայտնվեինք ապագայի խաչմերուկում ու մենք այսօր հայտնվել ենք ապագայի խաչմերուկում ու ապագան այսօր է։

Խաչմերուկը այստեղ է, Հայաստանի Հանրապետությունում։ Բայց սա այս ճանապարհի վերջը չէ։ Այս նոր ճանապարհի առանձնահատկությունն է սա, այն չունի և չի ունենում վերջ։ Վերջ ունենում է պատմության այն նախորդ տրամաբանությունը, որի մեջ գտնվել ենք մինչև 2024 թվականը։ Իսկ այս նոր պատմությունը վերջ չի ունենում, եթե ինքներս մեզ չենք առաջնորդում դեպի փակուղի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համախմբումը իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի»,–ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *